Բաքուն
շտապում է ղարաբաղյան կարգավորման հարցում, հասկանալով, որ շատ շուտով իր ողջ
ռազմական տեխնիկան կվերածվի մետաղի ջարդոնի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել
«Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ, Հայաստանի պաշտպանության նախկին
նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
«Հայաստանն
ու ԼՂՀ երբեք շահագրգռված չեն եղել շփման գծում լարվածության պահպանմամբ: Եվ մեր
կողմերը միշտ դիմել են անհրաժեշտ քայլերի` հակառակորդի հետ շփման գծում
լարվածության թուլացման համար: Բաքուն, ընդհակառակը, շահագրգռված է լարվածության
սրմամբ: Սա է առաջին պատճառը, որ նա հրաժարվում է հետ քաշել դիպուկահարներին,
որոնք Հայաստանի և Արցախի ԶՈՒ անձնակազմի շրջանում զոհերի գլխավոր պատճառն են:
Հենց նույն պատճառով Բաքուն ոչ մի միջոց չի ձեռնարկում սահմանային բոլոր
միջադեպերի հետաքննության ուղղությամբ», - ընդգծել է նա:
Զինվորականի
գնահատմամբ, դա արվում է Հայաստանում և ԼՂՀ-ում վախի, հայկական բանակներում
բարոյազրկման մթնոլորտ ստեղծելու և սեփական երկրում վիթխարի բանակային ծախսերն
արդարացնելու նպատակով: «Նավթը շատ շուտով կվերջանա, այդ պատճառով նրանք այպես շտապում
են: Զենքի գնումը, բանակի ուռճացումը բնավ վերջը չէ: Այդ ամենը հարկավոր է պահել:
Եվ այդ ամենը շուտով կվերածվի մետաղի ջարդոնի, հենց որ հակառակորդը միջոցներ
չունենա ողջ այդ տեխնիկան պահելու համար: Հենց այդ պատճառով Բաքուն այդպես շտապում
է լուծել ղարաբաղյան հարցը, կազմակերպելով դիվերսիաներ, աշխարհը շանտաժի
ենթարկելով նոր պատերազմով, հասկանալով, որ շատ քիչ ժամանակ է մնացել», - նշել է
նա:
Միևնույն
ժամանակ զինվորականը նշել է, որ հակամարտության հայկական կողմերի համար պատասխան
քայլերն ինքնանպատակ չեն: Դրանք անհրաժեշտ են, որպեսզի հակառակորդին չթվա, թե ինքը
կարող է անպատիժ ահաբեկչական գործողություններ իրականացնել: Հարությունյանը
համոզված է, որ պատասխան քայլեր կլինեն, և դրանք կիրականացվեն ժամանակին ու
պրոֆեսիոնալ: