Փարիզի գրադարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթ է
հայտնաբերվել: «Ագոս» թերթի համաձայն, թուրք
պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում կատարած ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերել հայ գրող Զապել Եսայանի 11-էջանոց զեկույցը, որում պատմվում է 1915 թվականին հայ կանանց և
աղջկների նկատմամբ թուրքերի վայրագությունների մասին:
Նրանց
համոզմամբ, այդ փաստաթութը մինչ օրս հրապարակված չէ: Փաստաթուղթը ներկայացվել է Փարիզում խաղաղության կոնֆերանսում հայկական ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբար փաշային, ով այն փոխանցել է կոնֆերանսի մյուս
մանսկիցներին: Զապել Եսայանը զեկույցում նշում է, որ պատերազմի սկզբից ի վեր երիտթուրքական կառավարությունը վարում էր երկրի ոչ մահմեդական բնակչության հիմնովին բնաջնջման
քաղաքականություն: Նրանք առևանգում էին երիտասարդ կանանց, աղջիկներին, երեխաներին: Ըստ Եսայանի, նրանց թիվն անցնում է 200 հազարից:
Առանձին կետերով
ներկայացված են տեղեկություններ այն մասին, թե թուրքերն ինչպես էին առևանգում
կանացն ու երեխաներին: Բազմաթիվ կանանց և երեխաների փախցնում էին քաղաքներից ու գյուղերից: Էրզրումում թուրք սպաներն առևանգում էին քաղաքի նշանավոր ընտանիքների աղջիկներին, իսկ Էրզինջանում` ունևոր ընտանիքների աղջիկներին:
Կանանց և երեխաներին առևանգում էին այն բանից հետո, երբ քաղաքներից ու գուղերից
քշում էին տղամարդկանց: Քարավաններն ուղեկցող ոստիկանները մեկ-երկու օր քշելուց հետո քարավանը կանգնեցնում էին աղբյուրի մոտ, սակայն արգելում էին ջուր խմել: Ջուր խմելու թույլտվություն ստանալու համար նրանք պետք է հանձնվեին թուրք զինվորներին: Երբ կանայք հասնում էին որևէ բնակավայրի, քարավանները հսկող ոստիկանների հովանավորությամբ նրանց ճամբարների վրա հարձակվում էին քրդերը, չերքեզները, չեչենները: Զեկույցի ամենասարսափելի մասը վերաբերում
է հայ կանանց նկատմամբ թուրքերի
վերաբերմունքին: Եսայանը նշում է, որ բարձրագույն դասի կանանց պահպանում էին հատուկ պատրաստված
զինվորներ: Այդ կանանցից շատերն ինքնասպան էին լինում: Մայրերն իրենց աղջիկներին նետում էին Եփրատ գետը: Երիտասարդ կանայք նորածին երեխաների հետ միասին նետվում էին ժայռերից: «Շատերը խելագարվեցին: Ոմանց բռնաբարությունից հետո հաջողվում էր փախչել, սակայն մեծ մասը փախչելիս սպանվում էր: Մարդկանց չնչին մասը միայն կարող էր իրեն
պաշտպանել», - գրում է Եսայանը:
Հոդվածագիրը նաև
հայտարարում է, որ Եսայանի զեկույցը փոխանցվել է նաև Առաքել արք. Չաքրյանի
գլխավորած հանձնաժողովին, որն զբաղվում էր որբերի և այրիների վերադարձի հարցերով:
Զապել Մկրտչի Եսայանը (Հովհաննիսյան) ծնվել է 1878 թվականին Կոստանդնուպոլսում,
ավարտել է Սկյուտարի Ս. Խաչ վարժարանը (1892), Փարիզում հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։ Փարիզում ամուսնացել է նկարիչ Դիքրան
Եսայանի հետ` նրան պարգևելով երկու զավակ: 1909 թվականին վերադառնալով Պոլիս` նա
ներառվել է Ադանա մեկնող պատվիրակության կազմում և ականատես է եղել կոտորածին:
Ուղևորության մասին զեկույցն իրավամբ համարվում է նրա լավագույն աշխատանքներից
մեկը: Եսայանը, որ միակ կինն էր 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված հայ
մտավորականների «սև ցուցակում», կարողացել է թաքնվել ոստիկանությունցի և փախչել
Բուլղարիա: 1920-ական թվականներին Զապել Եսայանն այցելել է Խորհրդային Հայաստան և
1933 թվականին որոշել բնակություն հաստատել այնտեղ` գրականություն դասավանդելով
Երևանի պետական համալսարանում: Նա դարձել է ստալինյան զտումների զոհ: 1937
թվականին աքսորվել է և մահացել անհայտ հանգամանքներում, ամենայն հավանակությամբ`
1943 թվականին: