Հայաստանը և Ադրբեջանը կարող են ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմ ակնկալել, եթե ցանկանան և կատարեն անհրաժեշտ պահանջները, հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը:
ՙՄենք վիզային ազատականացման հնարավորություն ենք տալիս բոլոր գործընկերներին: Որոշակի առաջընթաց կա Հայաստանի և Ադրբեջանի առնչությամբ: Չնայած այն բանին, որ իրավաբանական տեքստերը դեռ պատրաստ չեն`մենք պատրաստվում ենք վիզային ռեժիմի դյուրացմանը նաև Բելառուսի հետ: Այդ պատճառով եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ցանկանան և կատարեն անհրաժեշտ բոլոր պահանջները, անձամբ ես որևէ հիմք չեմ տեսնում նրանց նման հնարավորություն չտալու համար` ինչպես, օրինակ, Մոլդովայի դեպքում՚,- ընդգծել է դիվանագետը:
Ռինկևիչը նշել է, որ ամեն դեպքում ԵՄ-ն Հայաստանի`որպես ԵՏՄ անդամ, պարտավորությունների և Եվրամիության հետ որոշ ոլորտներում հարաբերությունների զարգացման միջև հակասություններից խուսափելու միջոցներ կփնտրի:
ՙՄենք պատրաստ ենք նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել Երևանի հետ, որը հիմնված կլինի 2013 թվականից Հայաստանի հետ մեր ունեցած մշակումների վրա: Սկզբունքային տարբերությունն այն է, որ այժմ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է՚,- ՙԿոմերսանտին՚ հայտարարել է դիվանագետը: