Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ
կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ պետական կառավարման
մարմինների ղեկավարների և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
(գործատուների) միության անդամների մասնակցությամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից,
Հանդիպման նպատակն էր գործարարների հետ քննարկել ՀՀ
կառավարության կողմից գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջիկա քայլերը:
«Ես համոզված եմ, որ մենք ունենք լավ գաղափարներ, որոնք կնպաստեն
մեր տնտեսության զարգացմանը և մեր երկրի առաջընթացին: Մեզ համար աջակցությունը ձեռնարկատիրությանը լինելու
է առաջնահերթ խնդիր, և յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ երկրի առաջընթացի հենքը
տնտեսությունն է: Որևէ միջամտություն բիզնեսին, անարդար խոչընդոտ չի կարող լինել: Պետք է բոլորը հասկանան,
որ այդ դաշտն ազատ է, գործելու են օրենքի շրջանակում, և որևէ մեկը խոչընդոտ չի ստեղծելու:
Ես հետևողական եմ լինելու. յուրաքանչյուր ներդրող պետք է հասկանա, որ ինքն ապահով ձեռքերում
է՝ օրենքի շրջանակում: Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու»,
- մինչ քննարկման մեկնարկը հայտարարել է վարչապետը:
ՀՀ
կառավարությանն
առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ այդ նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը նախաձեռնել և մշակել է օրենսդրական փոփոխությունների մի քանի փաթեթ: Այդ փաթեթները միտված են Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանը և վերաբերում են ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխությունների իրականացմանը, էլեկտրոնային առևտրի կարգավորմանը, ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտի ներդրմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության համար շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցմանը, հորիզոնական մոնիթորինգի համակարգի ներդրմանը և սպասարկման ոլորտի ծառայությունների ավտոմատացմանը:
Մտքերի
փոխանակության
ընթացքում գործարարները դրական են համարել առաջարկվող փոփոխությունները և պատրաստակամություն հայտնել ՀՀ կառավարության հետ համատեղ քննարկել դրանց վերաբերող մանրամասներ:
Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և վերահաստատել յուրաքանչյուր լավ առաջարկություն քննարկելու իր պատրաստակամությունը: