Ազատության հրապարակում մեկնարկել է «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության և «Ոչ» ընդդիմադիր ճակատի` սահմանադրական ռեֆորմներին դեմ հանրահավաքը: Հանրահավաքի մասին հայտարարվել էր հոկտեմբերի 30-ին, ժողովրդի հետ ընդդիմադիր ուժերի հանդիպման ժամանակ:
Ինչպես միջոցառման վայրից հաղորդոմ է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, բացման խոսքով հանդես է եկել ՀՀ խորհրդարանի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, այսօր հայ ժողովուրդը գտնվում է պատմական ընտրության առջև: «15 օրից, դեկտեմբերի 6-ին մենք պետք է կատարենք մեր կյանքի կարևորագույն ընտրությունը»,-հայտարարել է Մանուկյանը: Նրա կարծիքով, այդ օրը հնարավորություն կլինի սկսել լեգիտիմ իշխանափոխությունը: «Առաջարկվող սահմանադրությունն ուղղված է Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացմանը – սա է միակ ճշմարտությունը: Մնացածը նմանակում է»,-նշել է Մանուկյանը:
Նշենք, որ սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, որի շտաբը գլխավորելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Իսկ «Ոչի» ճակատը, կգլխավորի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Նոր Հայաստան» շարժումը հայտարարել է, որ իրենց շտաբը գլխավորելու է «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: