ՌԴ կառավարության կողմից Հայաստանի կառավարությանն արտոնյալ վարկի տրամադրման շուրջ համաձայնագիրը գրվել է հապճեպ: Հուլիսի 2-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Համաձայնագրի շուրջ խորհրդարանական քննարկումների ընթացքում պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյոք այդ փաստաթղթին զուգընթաց ստորագրվել են այլ փաստաթղթեր, մասնավորապես` Գյումրիում ռուսական ռազմակայանին սեփականության իրավունքով տրածաքների տրամադրման վերաբերյալ: Մանուկյանը նաև նշել է, որ ինքը բազմաթիվ դիտողություններ ունի փաստաթղթի վերաբերյալ, այնտեղ կան բազմաթիվ սխալներ: «Եվ սա պաշտոնական պետական փաստաթուղթ է: Անմոթ է: Այդպիսի տեսք են ունենու ծնկի վրա գրված փաստաթղթերը», - վրդովվել է Մանուկյանը:
Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ այդ համաձայնագիրը չի առնչվում այլ փաստաթղթերի: Նազարյանը նշել է, որ այլ փաստաթղթեր չեն ստորագրվել: Նա նաև խոստացել է, որ փաստաթուղթը կվերանայվի և կշտկվի: «Կարծում եմ, սխալներն առաջ են եկել թարգմանության ընթացքում», - հավաստիացրել է Նազարյանը:
Ռուսական վարկի առնչությամբ տարակուսանք է հայտնել նաև «Ժառանգություն» խմբկացության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա ասելով, Ռուսաստանը Հայաստանին վարկ է տրամադրում, որպեսզի ապահովի ուժերի հաշվեկշիռը տարածաշրջանում, ինչի խախտմանը հենց ինքն է նպաստել: «Ակնհայտ է, որ համաձայնագրին կից ցանկում նշված սպառազինությունների տեսակներն արդեն վաճառվել են Ադրբեջանին: Փաստորեն, ստացվում է, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանը, իսկ հետո մեզ ստիպում վարկ վերցնել, ավելացնել պետական պատքի բեռը` հաշվեկշիռը վերականգնելու համար: Եվ սա դուք անվանում եք ռազմավարական գործընկերությու՟ն: Ես կարծում եմ, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները բոլորովին այլ են, դա ամենևին ռազմավարական գործընկերություն չէ», - հայտարարել է նա: Փոստանջյանն ընդգծել է, որ վարկային միջոցների ներգրավումը բնավ հիացմունք չի առաջացնում: «Դուք բերել եք հերթական նվաստացուցիչ փաստաթուղթը, որը սոսկ խորացնում է Հայաստանի վիճակը: Ես կցանկանայի իմանալ, թե երբ են վերանայվելու հայ-ռուսական հարաբերությունները, և երբ է Հայաստանը, վերջապես, դադարելու հանդես գալ ենթակայի դիրքից», - հայտարարել է Փոստանջյանը:
Համաձայնագիրն ստորագրվել է հունիսի 26-ին Երևանում` հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում: Վարկը տրամադրվում է 13 տարով` առաջին 3 տարին վճարումների արտոնյալ ժամկետով և 3% տոկոսադրույքով: Համաձայնագրի շրջանակում 2015-2017թթ. Հայաստանը ռուսական սպառազինություն ձեռք կբերի: Վարկը կիրացվի լիազոր մրամինների միջոցով` ի դեմս ՀՀ ԿԲ և ՌԴ «Վնեշէկոնոմբանկի»: Հայաստանի կառավարության համաֆինանսավորումը կակզմի 10%: Փաստաթղթում ներկայացված է վճարումների կարգը, վարկի բաշխումն ըստ տարիների: