2015 թ. հունվարի 2-ից Հայաստանը կհայտնվի միանգամայն նոր տնտեսական միջավայրում, և երկրի կառավարությունը բացարձակապես պատրաստ չէ դրան: Այդ մասին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցությունից պատգամավոր Գուրգեն Արսենյանը`նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցումը:
Պատգամավորի խոսքով, կառավարությունը ոչ միայն պատրաստ չէ առաջիկա իրադարձությանը, այլ նաև այդ իրադարձությանը չի պատրաստում երկրի տնտեսությունը: Անհասկանալի է, շարունակել է Արսենյանը, թե ինչ պայմաններով է Հայաստանն անդամակցում ԵԱՏՄ-ին`որպես տնտեսական միավոր`իր տնտեսությամբ, թե՞ աղքատ բարեկամի պայմաններով: Նրա կարծիքով, հարկավոր է նվազագույնի հասցնել երկրի տնտեսության համար բացասական հետևանքները նոր միությանը վերջինիս անդամակցումից հետո:
Կարևոր է նաև կողմնորոշվել այն հարցում, թե ինչ է անելու Հայաստանը ԵԱՏՄ-ում`զբաղվելու է առևտրով, թե՞ արտադրելու է արդյունաբերական արտադրանք, որը հնարավոր կլինի իրացնել այդ շուկաներում: ՙԱնհրաժեշտ է շուտափույթ միջոցներ ձեռնարկել արդյունաբերության, մասնավորապես`թեթև արդյունաբերության զարգացման համար, ինչը պահանջարկ կվայելեր ԵԱՏՄ շուկաներում: Պարզ չէ, թե ինչպես է կառավարությունը մտադիր օգնել տնտեսվարող սուբյեկտներին՚,- ընդգծել է պատգամավորը: Նա հիշեցրել է, որ նույնիսկ գյուղատնտեսության գծով ԵԱՏՄ երկրների շուկաներում պահանջարկ վայելող միակ արտադրանքը հայկական կոնյակն է, բայց այն ևս ենթարկվում է ակցիզային հարկի: Իսկ դա, նշել է Արսենյանը, անմրցունակ է դարձնում հայրենական կոնյակագործների արտադրանքը: