Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին օրերի լարվածությունը հազիվ թե մասշտաբային մարտական գործողությունների վերածվի, Turan-ին հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը:
Իր տեսակետը Մուսաբեկովը հիմնավորել է այն բանով, որ Հայաստանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին, իսկ Բաքուն պատրաստվում է իր մոտ ընդունել Եվրոպական խաղերը:
Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը`Մուսաբեկովն ասել է, որ միջնորդների` առանց սկզբունքային գնահատականի նման հայտարարությունն ուղղված է այն բանին, որպեսզի կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը և շարունակեն բանակցությունները: ՙԻրականում դա ոչ այլ ինչ է, քան պատասխանատվությունից խուսափում՚,- գտնում է նա:
Մուսաբեկովը նաև ենթադրել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը կարող է ձեռնտու լինել միայն Ռուսաստանին, քանի որ Մոսկվան կարող է օգտվել դրանից`տարածաշրջան ներխուժելու նպատակով: