Ամերիաբանկը
հաջողությամբ շարունակում է մանրածախ բիզնեսի զարգացումը: Ընթացիկ տարում բանկն
ընդյալնել է մանրածախ ծառայությունների շարքը, համալրելով այն նոր ու հետաքրքիր
առաջարկներով, միաժամանակ պարզեցնելով այդ ծառայությունների տրամադրման
պայմանները: Դրանով Ամրիաբանկը տարվա 8 ամիսների
արդյունքներով գերակատարել է նախկինում ծրագրված մի շարք ցուցանիշներ: Այդ
ուղղությամբ իրականացված ձեռքբերումներով է ասօր կայացած մամուլի ասուլիսում
լրագրողների հետ կիսվել Ամերիաբանկի մանրածախ գործառնույթունների գծով տնօրեն
Արմամ Բարսեղյանը:
Նա տեղեկացրել է,
որ բանկի հաճախորդների բազան տարվա 8 ամիսներին տարեկան արտահայտությամբ աճել է
22%: Միևնույն ժամանակ, բանկի քարտերի թիվն աճել է 30%, իսկ պլաստիկ
տրանսակցիաների ծավալը` 23%: Բանկի քարտային վարկերն աճել են 38%, ավտովարկերը`
11%, հիփոթեքային վարկերը` 8%, ՓՄՁ ոլորտին տրամադրված վարկերը` 65%, իսկ
իրավաբանական անձանց տրամադրված օվերդրաֆտները`50%:
Ըստ Բարսեղյանի,
բանկի պարտավորությունների կառուցվածքում ցպահանջ ավանդները տարեկան կտրվածքով
աճել են 37%, սեպտեմբերի 1-ին կազմելով 41 մլն.դոլար, իսկ ժամկետային ավանդներն
աճել են 23%, անցնելով 188 մլն.դոլարից: «Թվարկվածից երևում է, որ բոլոր հիմնական
ուղղություններով ապահովվել են աճի տեմպեր, ինչը մեզ թույլ է տալիս տարեկան
կտրվածքով էապես ավելացնել մեր մրցակցային դիրքը շուկայում»,-հայտարարել է նա:
Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի այն
հարցին, Բարսեղյանը նշել է, որ 2014 թվականին բանկը նախատեսում է մանրածախ
վարկավորման պորտֆելն ավելացնել 30%, հաղթահարելով 100 մլն.դոլարի շեմը: Ընդ
որում, մանրածախ բիզնեսի առաջնահերթ հատվածներով, որոնք են` սպառողական
վարկավորումը, քարտային վարկավորումը, ավտովարկավորումը և ՓՄՁ մանրածախ վարկավորումը,
բանկը ծրագրում է համապատասխան պորտֆելների 50% աճ:
Ինչ վերաբերվում է ամառային ակցիաներին, ապա նա հիշեցրել
է, որ ներդրվել են «Անկանխիկ ազատություն» (քարտերի թիվը և անկանխիկ գործարքների
աճը խթանելու համար) և «Բումերանք» (ՓՄՁ ոլորտի վարկավորման ծավալներն ավելացնելու
համար) ծառայությունները: Ելնելով այդ ծառայությունների բարձր պահանջարկից,
Ամերիաբանկը մինչև տարեվերջ երկարաձգել է նշված ակցիաների ժամկետները:
Ըստ ԱրմԻՆֆո գործակալության` Հայաստանի Բանկերի
Ֆինանսական Վարկանիշների, Ամերիաբանկն իր ակտիվներով և ընդհանուր
պարտավորությունների զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի բանկային շուկայում,
կանոնադրական կապիտալով` 2-րդ տեղը, ընդհանուր կապիտալով` 5-րդ տեղը, զուտ
շահույթով` 2-րդ տեղը, վարկային ներդրումների ծավալով` 3 – րդ տեղը, վարկային
քարտերի վրայի մնացորդներով` 4-րդ տեղը, հիփոթեքային վարկերով` 2-րդ տեղը, ՓՄՁ և
սպառողական վարկերով գտնվում է տասնյակում, ավտովարկերով գտնվում է եռյակում,
ցպահանջ ավանդներով` 2-րդ տեղը, ժամկետային ավանդներով` 1-ին տեղը:
Հիշեցնենք,
որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ
բանկային ծառայություններ է տրամադրում բանկային լուծումների համալիր փաթեթի
տեսքով: Ամերիաբանկի բաժնետերն է Ամերիա գրուպ CY Ltd.-ն`, որը տիրապետում է բանկի
կապիտալի 100%-ին: