Հայկական լեռնաշխարհի արտեֆակտերը սենսացիա են դարձել գիտական աշխարհում:
Ինչպես պատմել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը, հետաքրքիր հայտնագործություն է արվել Հրազդանի կիրճում`Նոր գեղի համայնքում, պեղումների ընթացքում: Պեղումներն իրականացնում է հայ-ամերիկյան հնագիտական արշավախումբը`2007 թվականից սկսած: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են աշխատանքի գործիքներ, որոնք ստեղծվել են շուրջ 320-330 հազար տարի առաջ: Դրանցից օգտվել է նախամարդը`Հոմո էրեկտուսը:
Հիշյալ Լևալուազյան ժամանակաշրջանի գործիքներն ավելի նորարարական էին, քան Աշելյան մշակույթի գործիքները: Գտածոյի եզակիությունը կայանում է այն բանում, որ մինչ այդ քարե դարի տեխնոլոգիական նորարարությունների ՙօրրանը՚ ընդունված էր համարել Աֆրիկան: Նոր Գեղիի հուշարձանը, սակայն, ցույց է տալիս, որ տեխնոլոգիաները հայտնաբերվել և զարգացել են երկրագնդի տարբեր անկյուններում:
Այսպիսով, Հայկական լեռնաշխարհը նույնպես կարելի է դասել այն վայրերի շարքին, որտեղ զարգացել է քարի մշակման տեխնոլոգիան: Գասպարյանի խոսքով, աշխատանքի զենքի պատրաստման համար հիմնականում օգտագործվել են տեղական քարեր: Օրինակ`հայտնաբերված արտեֆակտերի մի մասը պատրաստվել է օբսիդիանից:
Նոր Գեղիի սենսացիոն հայտնագործության մասին հոդված է տպագրվել Science. հեղինակավոր գիտական ամսագրում: