Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Յանակիս Օմիրուն նամակ է հղել Եվրախորհրդարանի, Միջխորհրդարանական միության, Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի,
Եվրամիջերկրածովյան վեհաժողովի նախագահներին և Ուղղափառների միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր
քարտուղարին` կոչ անելով հոգ տանել Քեսաբի հայերի ճակատագրի մասին:
Ուղերձում, մասնավորապես, խոսք է գնում Թուրքիայից ներխուժած ծայրահեղականների կողմից Քեսաբի հայերի վրա հարձակման, եկեղեցիների ու պատմական հուշարձանների ոչնչացման, ինչպես նաև գույքի թալանի մասին:
Նամակում ընդգծվում է, որ նման հարձակումները ի չիք են դարձնում Սիրիայի իրավիճակի խաղաղ կարգավորմանը նպատակաուղղված միջազգային ջանքերը: Օմիրուն միջազգային կազմակերպություններին կոչ է անում ազդել Թուրքիայի վրա` այդ երկրի տարածքից նման հարձակումներին վերջ դնելու նպատակով: Նա նաև ընդգծում է, որ բոլոր կողմերը պետք է ջանք
գործադրեն, որպեսզի քեսաբահայերը կարողանան հնարավորինս շուտ վերադառնալ իրենց տները` կայունության ու անվտանգության ապահովման պայմաններում: