ԵՄ ողջունել է «Ագոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի
սպանության հետաքննությունը վերսկսելու Թուրքիայի սահմանադրական դատարանի
որոշումը:
Ըստ Today's Zaman-ի, անցած շաբաթ Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշել էր,
որ Դինքի սպանության հետաքննությունն արդյունավետ չի եղել և ընթացել է
խախտումներով, մասնավորապես, համապատասխան մարմինները սպանվածի ընտանիքին լիարժեք
տեղեկատվություն չեն տրամադրել հետաքննության ընթացքի վերաբերյալ:
Հիշեցնենք. Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի
19-ին Ստամբուլում` «Ագոս» թերթի խմբագրատան առջև: Դինքի սպանությունը
բացահայտելու համար մի շարք միջազգային կառույցներ Թուրքիայի իշխանություններին
կոչ են արել ապահովել անաչառ քննություն: 2010
թվականի սեպտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային
մեղավոր էր ճանաչել, այն բանի համար, որ այդ երկրում չի ապահովվել Հրանտ Դինքի
պաշտպանությունը, չնայած այն հանգամանքին, որ իրավապահ մարմինները տեղյակ են եղել
նրա նկատմամբ նախապատրաստվող մահափորձի մասին:
Դինքի
սպանության գործով տխրահռչակ դատավարության արդյունքում սպանության պատվիրատուներն
այդպես էլ չպարզվեցին, չուսումնասիրվեցին դատարան ներկայացված որոշ փաստեր և
վկայություններ: 2011 թվականի հունվարի
17-ի դատական նիստում ազատ արձակվեց Էրհան Թունջելը, ով սպանության կազմակերպման
համար գլխավոր կասկածյալներից էր:
Սպանության գործիք դարձած Օգյուն Սամասթը դատապարտցվեց 22 տարի 10 ամիս
ազատազրկման, իսկ սպանության հրահրման համար մեղադրված Յասին Հայալը` ցմահ
բանտարկության: Ամենազավեշտալին այն էր, որ
դատավճռի հապարակումցի հետո պարզվեց, որ Դինքի սպանության գործով որոշում է
կայացվել 19 ամբաստանյալներից 18-ի նկատմամբ: Դատարանը մոռացել էր որոշում
կայացնել 19-րդ դատապարտյալի վերաբերյալ: 2013 թվականի սեպտեմբերիբ 17-ին
դատավարությունը վերսկսվեց Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում: Այդ
ընթացքում կալանավորվեց Էրհան Թունջելը, ով ազատ էր արձակվել նախորդ դատավճռով:
Հետագա դատական նիստերից մեկի ժամանակ նա
հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ, պնդելով, որ Դինքի սպանությունն
իրագործել է «Էրգենեքոնից» վեր կանգնած կազմակերպություն, որի անդամները պետությունից
աշխատավարձ են ստանում: