Ամերիաբանկի հիմնական ցուցանիշների աճի տեմպերը 2014 թ. I կիսամյակի արդյունքներով գերազանցել են միջին շուկայական մակարդակը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը:
Նրա խոսքով, Ամերիաբանկի ակտիվները I կիսամյակում աճել են 9%-ով`կազմելով 343 մլրդ դրամ: Այս ցուցանիշն ընդհանուր առմամբ բանկային համակարգում անկում է ապրել 0,7%-ով: Բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 10%-ով`մինչև 303 մլրդ դրամ, մինչդեռ շուկայում արձանագրվել է 0,2% անկում: Ըստ որում, հաճախորդների հանդեպ բանկի պարտավորություններն աճել են 30%-ով`կազմելով 221 մլրդ դրամ, մինդեռ այդ ցուցանիշը շուկայում աճել է ընդամենը 1%-ով: ՙՄեզ համար այդ ցուցանիշը խիստ կարևոր է`որպես հաճախորդների վստահության յուրօրինակ ցուցիչ՚,- նշել է Գ. Թառումյանը: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը հաշվետու շրջանում բանկն ավելացրել է 11%-ով`մինչև 75 մլրդ դրամ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից բարձր է 33%-ով: Ակտիվներով, ընդհանուր պարտավորություններով և հաճախորդների հանդեպ պարտավորություններով Ամերիաբանկը I կիսամյակի արդյունքներով պահպանել է առաջատարությունը ՀՀ բանկային համակարգում:
Միաժամանակ Ամերիաբանկի վարկային ներդրումներն ընթացիկ տարվա 6 ամսում աճել են 9%-ով`հուլիսի 1-ի դրությամբ հասնելով 192 մլրդ դրամի /ընդհանուր առմամբ շուկայում աճը կազմել է ընդամենը 4%/: Նշված ցուցանիշով բանկը երկրորդ դիրքն է զբաղեցնում: Բանկի վարկային պորտֆելի կառուցվածքում ՓՄԲ վարկերն աճել են 15% -ով`մինչև 38 մլրդ դրամ: ՙI կիսամյակում մենք ընտրել ենք ՓՄԲ-ն`որպես վարկավորման թիրախային հատված, ինչպես նաև գործունեության շեշտը դրել մանրածախ վարկավորման, վարկային գծերի տրամադրման վրա: Հաշվետու շրջանում բանկը նաև պլաստիկ քարտերի քանակական աճ է արձանագրել: Մենք ակնկալում ենք, որ վերջին երեք ցուցանիշների հիմնական աճը բաժին կընկնի ընթացիկ տարվա II կիսամյակին, քանի որ I կիսամյակը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, բանկերի համար համեմատաբար պասսիվ շրջան է՚,- նշել է Գ. Թառումյանը:Բանկը նաև հաշվետու շրջանում ավելացրել է հիպոթեքային վարկերի ծավալը`10%-ով, ավտովարկերը`11%-ով, իսկ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդները բանկում կրկնապատկվել են: Բանկի զուտ շահույթը I կիսամյակում աճել է 3%-ով`մինչև 2.9 մլրդ դրամ, մինչդեռ բանկային համակարգում հիշյալ ցուցանիշը կրճատվել է 13,6%-ով:
Գ Թառումյանի խոսքով, բանկային համակարգի հիմնական ցուցանիշների անկումը պայմանավորված է այն բանով, որ բանկերը վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստավորման նպատակով սկսել են ավելի շատ միջոցներ հատկացնել`կապված վարկային պորտֆելի որակի վատթարացման հետ: Վարկավորման ակտիվացման նպատակով բանկերը մեղմացրել են հաճախորդներին ներկայացվող պահանջները, ինչն արդեն բացասաբար է անդրադարձել որոշ բանկերի վրա:
ՙՄեր բանկը դեռևս իր գործունեության պարամետրերը չի փոխել, ինչի շնորհիվ մեր վարկային պորտֆելի որակը շուկայի ցուցանիշի համեմատ ավելի բարենպաստ է՚,- ընդգծել է Գ Թառումյանը:
Նշենք, որ ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է և ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Բանկի միակ բաժնետերն է Ամերիա Գրուպ CY Ltd ընկերությունը: