Սեպտեմբերի 10-ին
Երևանում կայացել է «Առածներ-ասացվածքներ» գրքի
շնորհանդեսը:
Գրքի համահեղինակ, Երևանի Հովհաննես
Շարամբեյանի անվան Ժողովրդական
ստեղծագործության կենտրոնի գիտաշխատող Սվետլանա Աղաբալյանի խոսքով,
ավելի քան 70 տարիների ընթացքում արխիվում կուտակվել էին մեծ ծավալով նյութեր`
նման գիրք կազմելու համար, որտեղ տեղ գտան առածներ, ասացվածքներ, ասույթներ,
էպոսներ: Հետևաբար, որոշվեց այդ նյութերի հիման վրա ստեղծել գրքերի հավաքածու:
«Առածներ-ասացվածքներ» գիրքն առաջինն է այդ շարքում: Մեր հիմնական նպատակը
ժողովրդի կողմից հավաքված նյութերը նրան ետ վերադարձնելն է, որոնք, պահպանվելով
արխիվներում, արդեն սկսել էին մոռացվել»,-նշել է նա: Ըստ Աղաբալյանի, գրքի վրա
աշխատելիս առաջացել են բազմաթիվ պրոբլեմներ: Մասնավորապես, աշխատանքային խումբը
շատ ժամանակ է վատնել, որպեսզի ճիշտ վերծանվեն բանահավաքների ձեռագրերը: Փորձագետը
նաև հաղորդել է, որ գիրքը տպագրվել է 500 տպաքանակով, պետպատվերի շրջանակներում:
«Ծրագիրը ներկայացվել է Մշակույթի նախարարություն, որն էլ տվեց իր
հավանությունը»,-նշել է Աղաբալյանը: Նա նաև ընդգծել է, որ ծրագրի հեղինակն է
էթնոլոգ և էպոսագետ Արուսյակ Սահակյանը:
Գրքի մյուս հեղինակը` նույն Կենտրոնի աշխատակից
Հռիփսմե Սահակյանն էլ իր հերթին է նշել, որ առածներն ու ասացվածքները հրապարակվել
են հայերենի այն բառբառներով, որոնցով գրել են բանահավաքները: «Մենք փորձել ենք
պահպանել առածներն ու ասացվածքներն իրենց սկզբնական տեսքով, չփոխելով ոչ մի տառ,
որպեսզի ընթերցողն իսկույն հասկանա, թե Հայաստանի որ շրջանում է այն
ստեղծվել»,-նշել է նա:
Նշենք, որ «Առածներ-ասացվածքներ» գիրքը խմբագրել է բանասիրական գիտությունների
թեկնածու Արմեն Սարգսյանը, ով, շնորհավորելով հեղինակներին, նշեց, որ կատարվել է
հսկայական ու շատ կարևոր աշխատանք: