Կգնահատե՞ք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները` հենվելով վերջին իրողությունների և աշխարհակարգի կտրուկ փոփոխությունների վրա:
Ինձ թվում է, որ վերջին տասնամյակներում, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում բաց են թողնվել բազմաթիվ հնարավորություններ: Դա տեղի է ունեցել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում գոյություն ունեցող այն սխալ կարծիքի պատճառով, որի համաձայն, ժամանակն, իբր, աշխատում է իրենց օգտին: Ի դեպ, Ուկրաինայի վերջին իրադարձությունները միայն հերթական անգամ դա ցուցադրեցին: Մինչդեռ բանակցողների` ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոնման գծով միջնորդների ջանքերը պաշտպանելուց հակամարտող կողմերի փաստացի հրաժարումը վնասել է, առաջին հերթին, հենց իրենց: Ստիպված եմ կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորնման շուրջ իրական պայմանավորվածության կարող են հասնել միայն իրենք` հակամարտության մասնակիցները: Ձեր տարածաշրջանում, չգիտես ինչու, կարծում են, թե Կովկասն է երկրագնդի կենտրոնը, և գերտերությունների բոլոր շահերը, գործնականում, հենց այդտեղ են խաչաձևվում: Իրականում դա բնավ այդպես չէ: Հարավային Կովկասը նույնիսկ համաշխարհային քաղաքականության շրջագիծ չէ, այն համաշխարհային խաղացողների շահերի բախման շրջագիծ է: Ընդհանուր առմամբ, Հարավային կովկասին նայելով իմ ռակուրսից` բավականին տխուր պատկեր եմ տեսնում: Հատկապես այն առնչությամբ, որ ԱՄՆ ակնկալիքները տարածաշրջանից այսօր էապես նվազել են: Տարածաշրջանն այդպես էլ ամբողջական չի դարձել ընդհանուր տարածաշրջանային ծրագրերի գործարկման միջոցով: Իսկ Հարավային Կովկասի երկրները տնտեսապես և ժողովրդավարության առումով չեն զարգանում: Այդ ամենն ամրապնդվում և առանձին դեպքերում հիմնավորվում է տարածաշրջանային հակամարտություններով, որոնք ընդհանրապես ենթակա չեն արտաքին միջնորդների ջանքերով կարգավորման` և չեն կարգավորվում: ԱՄՆ ավանդաբար քիչ ջանք չի գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը փոխզիջման հիման վրա կարգավորելու համար: Ապարդյուն, ինչն էլ դարձավ մեր հիասթափության, տագնապի և, նույնիսկ, դժգոհության պատճառ: Տագնապ և դժգոհություն է հարուցում, առաջին հերթին, Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալված սպառազինության մրցավազքը, որն ուղեկցվում է հաճախակի դարձող սահմանամերձ փոխհրաձգություններով:
Նշեք այսօրվա հիմնական իմպերատիվը հակամարտության կողմերի համար:
Իմ կարծիքով, գլխավորը, որ այսօր հարկավոր է և կարելի է անել, ղարաբաղյան հակամարտության` զինված դիմակայության փուլ անցումը թույլ չտալն է: Դրանից հարկավոր է խուսափել ցանկացած գնով, հակառակ դեպքում, այն չափազանց բարձր կլինի այդ հակամարտության բոլոր մասնակիցների համար: Այդ ճանապարհին չափազանց կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների պատրաստակամությունը` բոլոր ուժերով աջակցելու միջազգային միջնորդական ջանքերին: Համոզված եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության բոլոր վերջին անհաջողություններն ամենևին էլ միջնորդների անձնական անհաջողությունը չեն: Հաշտության գործընթացի անհեռանկար լինելը պայմանավորված է հակամարտող կողմերի` նորմալ բանակցություններ վարելու ունակության բացակայությամբ: Եվ ցանկացած միջնորդություն հաջողության կհասնի և կարող է հասնել բացառապես բանակցություններին կողմերի պատրաստակամության դեպքում:
Ընդհանուր առմամբ Արևմուտքի, Վաշինգտոնի և անձամբ ձեր դիրքորոշումը հանգում է 1993 թ.-ից Անկարայի նախաձենությամբ փակված Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ապաշրջափակման անհրաժեշտությանը: Ինչո՞վ է դա այդքան կարևոր Արևմուտքի և ԱՄՆ-ի համար առաջին հերթին:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին` մենք, նախևառաջ, նկատի ունենք ոչ թե, կոնկրետ, սահմանի բացում, այլ` դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների հաստատում: Միանգամայն համոզված լինելով այն բանում, որ հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների շահերից, այնուամենայնիվ, չեմ կարող չընդգծել, որ այդ կարգավորումը բխում է, հատկապես, Հայաստանի շահերից: Թուրքիան, ինչպես հասկանում եք, ի վիճակի է հանգիստ ապրել առանց Հայաստանի: Մինչդեռ Հայաստանը, իր քաղաքական աշխարհագրության բերումով, առանց Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու չի կարող հաղթահարել բավականին շատ սահմանափակումներ: Բնական է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իրադարձությունների զարգացման լավագույն վեկտորն է Նահանգների համար: Վաշինգտոնում համոզված են, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիովին կարգավորումն արդեն վաղուց պետք է իրականություն դարձած լիներ: Եվ, չօգտվելով Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունից, Երևանում սխալ թույլ տվեցին` կորցնելով հսկայական առավերությունները արտաքին քաղաքականությունում: Այդ լույսի ներքո կարծում եմ, որ նախաձեռնությունն առավելապես պետք է բխի ոչ թե Անկարայից, այլ` Երևանից:
Այո, բայց թուրք նախարար Դավութօղլուի ՙզրո խնդիրներ հարևանների հետ՚ քաղաքականության փաստացի ձախողումը և հայ-թուրքական արձանագրությունները թուրքական խորհրդարանի օրակարգից հանելը, կարծես, հակառակ միտումների մասին են վկայում…
Թուրքիայի համար այսօր կենսական կարևորություն է և արդիական մշտական և ամուր կապերի պահպանումն ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի հետ: Թուրքիան, բնականաբար, պետք է նորմալ դիվանագիտական և տնտեսական հարաբերություններ պահպանի, ընդգծում եմ, նաև Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ: Ինձ թվում է, որ կովկասյան երկրների ներգրավումը ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագրերում լավագույն գործիքն է Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի դերի ամրապնդման ճանապարհին: Հենց այդ պատճառով Անկարան պետք է դիվանագիտական հարաբերություններ պահպանի և հաստատի տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ:
Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները նույնպե՞ս Արևմուտքի և Ռուսաստանի միջև հավերժ դիմակայության մասն են, թե՞ այստեղ, այնուամենայնիվ, առկա է ներուկրաինական գործընթաց:
Ուկրաինայի ճգնաժամն ինչպես ներքին, այնպես էլ միջազգային խնդիր է: Այդ երկրում տեղի է ունեցել Ուկրաինայի ներքին հին վեճերի փոխակերպում միջազգային մրցակցության, որը հրահրված էր, հիմնականում, ԵՄ ՙԱրևելյան գործընկերության՚ ծրագրով: Ինձ թվում է, որ այդպիսի գլոբալ մրցակցություն-դիմակայությունամ ոչ մի անհրաժեշտություն չկար:
Ուկրաինայի բոլոր հետագա իրադարձություններն ակնառու կերպով ցուցադրեցին Հարավային Կովկասի երկրների խուսավարելու հնարավորությունների սահմանափակության աստիճանը, նրանց քաղաքական ճկունության սահմանափակությունը, այն, թե տարածաշրջանը որքան շատ է ենթակա այլ տարածաշրջանների իրադարձությունների ազդեցությանը: Առաջին հերթին Ուկրաինայի իրավիճակը գնահատում եմ որպես լուրջ ահազանգ Հարավային Կովկասի բոլոր երկրների քաղաքական միջուկը լրջորեն վերանայելու անհրաժեշտության մասին:
Ռուսաստանը ճանաչել է Ղրիմի անկախությունը` հենվելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա: Ղրիմի անկախության ճանաչումը և վերջինիս հետագա ներառումը Ռուսաստանի կազմում հետագայում չի՞ շրջվի արդյոք Ռուսաստանի դեմ:
Միջազգային հարաբերությունների գոյություն ունեցող բավականին մեծ քանակությամբ սկզբունքներից շատերը, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի փաստաթղթերում, հակասում են միմյանց: Այս առումով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառման յուրաքանչյուր դեպք անհրաժեշտ է դիտարկել միայն այդ`կոնկրետ դեպքին բնորոշ առանձնահատկություններին համապատասխան: Կարծում եմ`Ղրիմը Բալկանների կամ Բոսնիայի հետ համեմատել անհնար է: Անհնար է համեմատել այն նաև Կուրիլյան կղզիների, Կալինինգրադի մարզի հետ: Վստահ եմ, որ այդ սկզբունքի կիրառման ամեն մի դեպք հատուկ մոտեցում է պահանջում: