Ադրբեջանը կարող է օգտվել Հայաստանում բողոքի ակցիաներից և արցախյան ու ադրբեջանական զինված ուժերի շփման գծում բռնության սրացման գնալ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Փորձագետը նշել է, որ ադրբեջանական քարոզչությունն աստիճանաբար կորցնում է իր դիրքերը, դիվանագետները և քաղաքական գործիչները ձախողում են իրենց ՙհակահայկական առաքելությունները՚ միջազգային կառույցներում: Այս պայմաններում փորձագետը գտնում է, որ Հայաստանի իրավիճակը հույս է տալիս Բաքվին, որն ակնկալում է Հայաստանի թուլացում: Այս առումով փորձագետը կանխատեսում է լարվածության աճ շփման գծում:
Սաֆարյանը նաև գտնում է, որ լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում ձեռնտու է Ռուսաստանին: ՙԱվելացնելով և նվազեցնելով ռազմական գործողութունների վերսկսման ռեսկը`Մոսկվան փորձում է մեծացնել Երևանի և Բաքվի վրա ազդեցությունը՚,- նշել է նա:
Նշենք, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ` հասարակությանը պարտադրված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջովհունիսի 19-ին Ազատության հրապարակում սկսված բողոքի մասշտաբային ակցիան ներկայումս շարունակվում է Բաղրամյան պողոտայում: Հունիսի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանն առնչվող բեռը` մինչև ՀԷՑ աուդիտի արդյունքների հրապարակումը: ՀԾԿՀ որոշմամբ օգոստոսի 1-ից Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանան 6,93 դրամով /ՀԷՑ պահանջած 17դրամի փոխարեն/: