Հայկական կոմպլեմենտարիզմը չի մահացել, այն ընդամենը ժամանակավորապես ամփոփվել է, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան ռեգիոնագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը:
ՙԵրևանի համագործակցությունը Բրյուսելի և Վաշինգտոնի հետ չի ավարտվել, քանի որ Հայաստանի ղեկավարությունը չի ցանկանում զրկվել այդ վեկտորում օգուտներից` թեկուզ Ադրբեջանի կողմից Արևմուտքում կովկասյան թեմատիկայի մենաշնորհացումը թույլ չտալու և սփյուռքի ռեսուրսի օգտագործման տեսքով: Այդ պատճառով Երևանն ընդամենն այլ կերպ է դասավորել իր քաղաքականությունում շեշտադրումներ, և այսօր առաջին պլան են մղվել ռուսական շեշտադրումները: Եվ չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի հայ հակառակորդներից որևէ մեկը կարողանար նորովի դասավորել այդ շեշտադրումներն ավելի լավ, քան ինքը՚,- ընդգծել է վերլուծաբանը:
Այս համատեքստում, Մարկեդոնովի կարծիքով, պետք է հիշել մտահոգությունը, որով Երևանի ընտրությունն ընկալեցին Մաքսային միության գծով Մոսկվայի գործընկերները: Օրինակ` Նուրսուլթան Նազարբաևի, ով հրապարակային մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և ինտեգրացիոն գործընթացների հնարավոր կապի առնչությամբ: Վերլուծաբանն ընդգծել է, որ Աստանայի հայացքների սրբագրումից հետո` պայմանավորված ուկրաինական ճգնաժամով, այդ մտահոգությունը ստվերում է հայտնվել, սակայն վերջնականապես չի վերացել:
ՙՊետք չէ մոռանալ, որ տարածաշրջանում Ռուսաստանի գլխավոր դաշնակից Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային և Եվրասիական միություններին, ինչը մտադիր չեն անել Բաքուն և Թբիլիսին: Ըստ որում, Երևանի կողմից նման որոշումների կայացման տնտեսական նկատառումներն ակնհայտորեն բավարար չեն: Եվ միանգամայն բնական է, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը և Թուրքիայի հետ փակ սահմանը գերակշռում են հազարավոր այլ ռացիոնալ գործոնների՚,- գտնում է Մարկեդոնովը: Միաժամանակ վերլուծաբանը ենթադրում է, որ եթե անվտանգությունն այդքան կրիտիկական նշանակություն չունենար Հայաստանի համար, հանրապետության ղեկավարությունն ակնհայտորեն կփորձեր զարգացման այլ վեկտոր ընտրել:
ՙԱյս առումով չեմ կարող չհամաձայնել հայ գործընկերներիս հետ, ովքեր Մաքսային միությունը և Եվրասիական ինտեգրումը համարում են ընդհանուր առմամբ քաղաքական, այլ ոչ թե տնտեսական նախագիծ: Եվ Ուկրաինայի շուրջ ճգնաժամն ավելի հստակեցրեց ՙև’-և’՚ ու ՙկա’մ-կա’մ՚ բանաձևերի միջև հակասությունները` էլ ավելի քաղաքականացնելով Երևանի ռուսամետ ընտրությունը: Այնուամենայնիվ, քննարկելով Հայաստանի այդ որոշումը` պետք է նկատի ունենալ, որ բացառիկ ընտրության այդ բանաձևն ակտիվորեն կյանքի է կոչվել նույն Եվրոպայի կողմից՚,- ամփոփել է Մարկեդոնովը: