Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակացություններն ընթանում են նորմալ ռեժիմով, այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Նրա խոսքով, տարվա ընթացքում անցկացվել են տարբեր հանդիպումներ և տեսակոնֆերանսներ՝ կապված համաձայնագրի առևտրի և ներդրումների բաժնին առնչվող հարցերի հետ: Մինչև տարվերջ նախատեսված է երկու բանակցային փուլի անցկացում: Ինչպես նշել է փոխնախարարը, տվյալ պահին բանակցային գործընթացի հետ կապված խնդրահարույց հարցեր չկան: Միաժամանակ, ինչպես հայտնել է Մելքոնյանը, հայկական կողմը ծանոթացված չէ համաձայնագրի բոլոր կետերին, որոնք կապված են առևտրի և ներդրումային համագործակցության հետ:
Գարեգին Մելքոնյանը նշել է, որ այս համաձայնագիրն իր առանձնահատկությունն ունի: Նրա խոսքով, յուրաքանչյուր մասով քննարկումներ են անցկացվում՝ հաշվի առնելով ինչպես տրամադրվող հնարավորությունների, այնպես էլ միջազգային այլ հարթակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հնարավոր համադրությունը: Դա արվոմ է՝ վստահ լինելու, որ նոր շրջանակային համաձայնագրի տեքստում ներառված բոլոր կետերը, պայմանավորվածությունները և պարտավորություններն իրագործելի են և կիրառման տեսակետից ռիսկային գործոններ չեն պարունակում, նշել է Մելքոնյանը: Միաժամամանակ փոխնախարարը զերծ է մնացել Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի կնքման ժամկետներ նշելուց:
2015թ․հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին սկսել բանակցությունները Հայաստանի հետ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ, ինչպես նաև տրամադրեց համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015 թ. դեկտեմբերի 7-ին։