ՀԱԿ-ը Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում մայիսի 27-ին միանալ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթին: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ճեպազրույցի ժամանակ:
«Հաճելի է տեսնել, որ այս անգամ քաղաքացիները տրամադրված են ավելի վճռականորեն, անհաշտ դիրքորոշում են դրսևորում սակագները բարձրացնելու որոշման նկատմամբ: Մեզ թվում է, որ անհրաժեշտ է հզոր ակցիաներ անցկացնել և սթափեցնել իշխանություններին: Այն, ինչ այսօր տեղի է ունենում էներգետիկ համակարգում, լիակատար կամայականություն է», - ասել է Զուրաբյանը: Պատգամավորը կարծում է, որ շարքային քաղաքացիները չպետք է պատասխանատվություն կրեն «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վիթխարի պարտքի համար, որը կազմում է 250 մլն դոլար:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր հերթին ընդգծել է, թե անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել էներգետիկ համակարգում առկա իրավիճակը, պարզել, թե ինչպես է գոյացել նշված պարտքը: «Թանկացումն անթույլատրելի է: Սակագների բարձրացումը հզոր հարված կհասցնի մեր քաղաքացիների գնողունակությանը և երկրի տնտեսական զարգացմանը», - կարծում է Մինասյանը:
ՀԷՑ վատ կառավարման մասին հայտարարել է նաև ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Քանի դեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մանրամասն քննարկումներ չեն ընթացել, որոշակի ինչ-որ բանի մասին խոսելու հարկ չկա: Պարզ է մեկ բան. սակագները բարձրացնելու վերաբերյալ էլցանցերի հայտը չի կարելի համարել հիմնավորված», - նշել է նա:
Մայիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու վերաբերյալ հայտ է ներկաայցրել ՀԾԿՀ: Մասնավորապես, առաջարկում է 1 կՎտ էլետրաէներգիայի ցերեկային սակագինը բարձրացնել մինչև 58,93 դրամ, ներկայիս 41,85 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` մինչև 48,93 դրամ, ներկայիս 31,85 դրամի փոխարեն: ՀԾԿՀ կարող է 80 օրվա ընթացքում ուսումնասիրել ՀԷՑ հայտը, և որի բավարարման դեպքում դա կլինի էլեկտրաէներգիայի սակագների երրորդ բարձրացումը վերջին 2 տարում: Վերջին թանկացումը եղել է 2014 թվականի օգոստոսի 1-ից: Ցերեկային սակագինը (7:00-23:00) սպառողների համար կազմեց 41,85 դրամ` նախկին 38 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը (23:00-7:00) սահմանվեց 31,85 դրամ` նախկին 28 դրամի փոխարեն: Երկրի իշխանությունները` ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, փորձում են սակագների հերթական թանկացման համար մեղքը բարդել ՀԷՑ «վատ կառավարման» վրա: Միևնույն ժամանակ, նույն Երվանդ Զախարյանի տեղակալի ասելով, կառավարության երաշխիքներով և ՀԾԿՀ համաձայնությամբ ցանցերը ներգրավել են 220 մլն դոլարի վարկեր: Հետևաբար, ընկերության անվճարունակության դեպքում այդ պարտավորությունները պետք է ստանձնեն հարկատուները: