Մարդկության դեմ
հանցագործությունները կկրկնվեն այնքան ժամանակ, քանի դեռ անցյալի
ցեղասպանությունները չեն դատապարտվել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ
Սերժ Սարգսյանը The New York Times-ի ներդիրում հրապարակված հարցազրույցում:
Նա միևնույն ժամանակ որոշակի ուղերձ է հղել ԱՄՆ կառավարությանը և
հասարակությանը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: «Մենք հավատում ենք, որ ողջ մարդկությունը պետք է հետևողական լինի ընդդեմ մարդկության հանցագործությունների ճանաչման, դատապարտման և ժխտման բացառման հարցում»:
Նա նշել է, որ նույնիսկ այսօր իրականացվում են ցեղասպանություններ, և հայ ժողովուրդը, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, որոշակի պարտավորություն է զգում ընդդեմ մարդկության հետագա ոճրագործությունները կանխարգելելու հարցում:
Հայաստանի նախագահ ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, արձանագրված միջազգային հանրության կողմից, որն ապաստան է տրամադրել հարյուր հազարավոր հայերի` 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձրություններից
հետո: Նրա ասելով, նույնիսկ թուրք հասարակության առաջադեմ սոցիալական շերտերն արդեն ճանաչում են Հայոց ցեղասպանությունը` դեմ դուրս գալով Անկարայի պաշտոնական դիրքորոշմանը:
«Քանի որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները միջազգային հանրության համար դարձել են բացարձակ արժեք, Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական շահերին ստորադասելը հակասում է ներկայիս աշխարհակարգի բարոյական և իրավական նորմերին», - նշել է Սերժ Սարգսյանը:
Նրա
ասելով, ԱՄՆ հզորությունը նույնպես պայմանավորված է այդ արժեքների հանդեպ իր հանձնառությամբ: «ԱՄՆ օրենսդիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ութ որոշում,
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ 40 նահանգներում:
1980-ականների Ռեյգանի վարչակազմը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությանը: Վաղ թե ուշ Թուրքիան ստիպված կլինի հաշտվել իր պատմության հետ` ճանաչելով արդարությունը»,- ամփոփել է Սերժ
Սարգսյանը: