Արցախյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում լարվածությունն անսպասելի չէր, քանի որ ամեն տարի այն կրկնվում է, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙԺառանգությունից՚ պատգամավոր Թևան Պողոսյանը:
ՙՍահմանին լարվածությունը կանխատեսելի էր, քանի որ 2015 թվականը Հայաստանի համար հատուկ նշանակություն ունի: Եվ, իհարկե, Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Ադրբեջանը փորձում է ինչ-որ կերպ օգտակար լինել Թուրքիային՚,- նշել է նա: Ըստ որում պատգամավորը գտնում է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը կանխատեսել էր ադրբեջանական կողմի մտադրությունը, ինչի առնչությամբ Սեյրան Օհանյանը թույլատրել է վաշտերի և գումարտակների հրամանատարներին ինքնուրույն կասեցնել ադրբեջանական կողմի դիվերսիաները և ոտնձգությունները:
Նշենք, որ վերջին 20 օրում Ադրբեջանը բազմիցս դիվերսիոն փորձեր է կատարել, ինչի հետևանքով բազմաթիվ կորուստներ է կրել: Ցավոք, կորուստներ ունի նաև հայկական կողմը: Տարեսկզբից շփման գծում և սահմանին հակառակորդի գնդակից 10 հայ զինծառայող է մահացել: