Արձանագրվել են փաստաբանի մուտքը ոստիկանության բաժիններ խոչընդոտելու դեպքեր, ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ:
ՙՎաղ առավոտից իրականացվում են այցեր Ոստիկանության բաժիններ: Առկա են հաղորդումներ ինչպես քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու, այնպես էլ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու վերաբերյալ: Արձանագրվել են նաև դեպքեր փաստաբանի մուտքը ոստիկանության բաժիններ խոչընդոտելու վերաբերյալ: Ոստիկանության ծառայողները չունեն որևէ իրավունք խոչընդոտելու փաստաբանի մուտք ոստիկանության բաժին կամ բերման ենթարկվածի պահման վայր: Այս պահանջը չապահովելը օրենքի կոպիտ խախտում է: Այցերի առաջնահերթ նպատակներից է ապահովել այդ իրավունքի իրացումը՚,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ առայժմ բերման ենթարկվածների թվի մասին հստակ տեղեկություն չկա: