Հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծում միջադեպերի ավելացումը տարբեր բացատրություններ ունի: Այժմ նման միջադեպերի լուսաբանումը կարևոր տեղ է զբաղեցնում, և այստեղ գործում է ինչպես ռազմական, այնպես էլ տեղեկատվական մարտավարությունը: Այդպիսի կարծիք է հայտնել Լոնդոնի Արևելյան և աֆրիկյան հետազոտությունների դպրոցին կից Կենտրոնական Ասիայի և Կովկասի կենտրոնի գիտաշխատող Լորենս Բրոերսը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
2015 թ. հունվար-մարտին ԼՂՀ Պաշտպանության բանակի և Հյաաստանի Զինված ուժերում 20 միջադեպի հետևանքով 26 զինծառայող է մահացել, ինչը երկու անգամ գերազանցում է 2014 թ. նույն ժամանակաշրջանում մահերի թիվը: Ադրբեջանական վիճակագրությունն իր զինված ուժերում կորուստների քանակի մասին լռում է:
ՙՄիջադեպերը կարող են անհրաժեշտ նախադրյալ հանդիսանալ վերազինման համար: Փաստացի ինտենսիվ վերազինման պայմաններում գործնականում ռեսուրսների որոշակի ցուցադրումը հարկավոր է դիտարկել որպես հասարակական սպասումների հավասարակշռմանն ուղղված քայլեր, որ ռազմական ներդրումները կփոխհատուցվեն: Զորքերի շփման գիծը կարևոր նշանակություն ունի ներքաղաքական էֆեկտների համար, և դա կարող է դիտարկվել նաև որպես տարածաշրջանային լայն իրադարձություններին արձագանքի մի մաս, որոնց հետևանքով տապավել են, թվում է, թե անվտանգ կառավարություններ՚,- համոզված է վերլուծաբանը:
Կորուստները և սպառնալիքների բարձր մակարդակը, որոնք բխում են հակամարտությունի, Բրոերսի կարծիքով, շեղում են ուշադրությունը քաղաքական լճացումից, կառավարման և սոցիալական արդարության խնդիրներից`խլացուցիչ ազդեցություն ունենալով ցանկացած ընդդիմության վրա: Զոհերի թվի ավելացման պատճառների թվում վերլուծաբանը նաև հատուկ շարժառիթներ է տեսնում, որոնք առկա են կողմերից յուրաքանչյուրի մոտ: Ադրբեջանի համար`որպես ստատուս-քվոյի հակառակորդ, հիասթափության գործոնն է, պաշտպանության նախարարության ղեկավարության փոփոխությունը և այն զգացողությունը, որ շփման գծում միջադեպերը և դրանց միջազգային բարձրաձայնումը կարող է փոխել բանակցային գործընթացում ուժերի հավասարակշռությունը`հօգուտ Ադրբեջանի:
ՙՀայկական կողմերի համար`որպես ստատուս-քվոյի կողմնակիցներ, դրանք խթան են`ստուգելու ստատուս–քվոն պահպանելու և Ադրբեջանի կողմից այն խախտելու փորձերին արձագանքելու իր կարողությունը՚,- ասել է վերլուծաբանը:
Հայաստանի լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում են ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի ՙԱկտուալ երկխոսություններ Հայաստանի նոր ինտեգրացիոն օրակարգի շուրջ՚ նախագծի շրջանակներում: