«Իմ ֆինանսների միամսյակ 2016» ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները այցելել են Արմավիրի մարզի Նորավան և Լուկաշին համայնքների դպրոցներ, որտեղ բարձր դասարանների աշակերտների համար անցկացվել են բաց դասեր «Հայաստանի ֆինանսական համակարգը» թեմայով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում բանկի աշխատակիցները պատմել են Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի, բանկային ոլորտի մասին, մանրամասն կանգ առան բանկերի կողմից մատուցվող մի շարք ծառայությունների տեսակների վրա, ինչպիսիք են` միջազգային դրամական փոխանցումները, վճարային քարտերը, վարկերը, ավանդները, ինչպես նաև պատասխանեցին մասնակիցների բազմաթիվ հարցերին: Միջոցառմանը ներկա են եղել նաև նշված դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, որոնք նույնպես մասնակցել են հարց-պատասխանին:
«Լսարանը մեծ ոգևորությամբ արձագանքեց թեմային, հնչեցին մի շարք հետաքրքիր հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Նշենք, որ երեխաները առավելագույնս հետաքրքրված էին վճարային քարտերով և վարկային պրոդուկտներով», - նշել է Առէկսիմբանկի Անձնակազմի զարգացման բաժնի պետ Գայանե Մաթևոսյանը մամլո ծառայությանը տված իր հարցազրույցում: «Երեխաները նոր տեղեկություններ ստացան մեր երկրի ֆինանսական ու բանկային համակարգի մասին: Շատ բավարարված ենք հանդիպման արդյունքներով: Հուսով ենք` դրանք կդառնան ավանդական և կկրեն շարունակական բնույթ», - ամփոփել է Գ. Մաթևոսյանը:
Առաջիկայում բանկը նախատեսում է ևս մեկ հանդիպում Երևանի դպրոցներից մեկի աշակերտների հետ:
Հիշեցնենք, որ «Իմ ֆինանսների միամսյակը» ծրագիրը ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ անցկացվում է արդեն մի քանի տարի: Դրա հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանի քաղաքացիների շրջանում ֆինանսական գրագիտության և տեղեկացվածության մակարդակը, ինչպես նաև ծանոթացնել երկրի ֆինանսական հաստատությունների կողմից առաջարկվող ծառայություններին և պրոդուկտներին: