Ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից հնչեցված բազմաթիվ կոչերի` Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, շարունակաբար վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հանդեպ: Այդ մասին հայտարարել է
ատգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` նախօրեին Բրյուսելում ԵՄ և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանում քաղաքական կամքի բացակայության առթիվ, որը դրսևորվում է միջնորդների բոլոր առաջարկների շարունակական մերժմամբ:
«Մենք լիովին համամիտ ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի: Ցավոք, Ադրբեջանը լիովին հակառակն է անում` իր ռազմատենչ և սադրիչ հռետորաբանությամբ, անհանդուրժողականության և ատելության քարոզով, որը Արցախի հետ շփման գծին և Հայաստանի հետ սահմանին հանգեցնում է տարածաշրջանում լարվածության և իրավիճակի սրման: Մենք նաև բարձր ենք գնահատում ԵՄ կողմից տարբեր առիթներով Մինսկի խմբի համանախագահների ջանքերին արտահայտած ոչ երկիմաստ աջակցությունը, որոնք ուղղված են հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- հավելել է Էդվարդ Նալբանդյանը: