ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների վերջին
հայտարարությունը հասցեագրված էր Ադրբեջանին, և դա ակնհայտ է: ՀՀԿ գործադիր մարմնի
նիստից հետո այդպիսի համոզմունք է հայտնել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար
Էդուարդ Շարմազանովը:
«Ան փաստը, որ
հայտարարության ձևակերպումները հասցեական չէին, բխում է դիվանագիտական էթիկայի
պահանջներից, սակայն ողջ միջազգային հանրությունը գիտի, թե ով է սահմանային
սաբոտաժների և իրավիճակի լարման նախաձեռնողը: Հետևաբար, միջնորդների վերջին
հայտարարությունը հասցեագրված էր հենց Ադրբեջանին», - հայտարարել է փոխխոսնակը,
հավելելով, թե քանի դեռ Ադրբեջանը վարում է նման ապակառուցողական
քաղաքականություն, հայկական կողմը պետք է ղեկավարվի «ուզում ես խաղաղություն`
պատրաստվիր պատերազմի» սկզբունքով:
Ընդ որում Շարմազանովը
մշուշոտ է համարել ռազմական գործողությունների վերսկսման հեռանկարը ղարաբաղյան
հակամարտության գոտում: «Բոլորը շատ լավ գիտակցում են, որ տանուլ կտա նա, ով
նախաձեռնի ռազմական գործողությունների վերսկսում», - ամփոփել է փոխխոսնակը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր
Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիեն տարածել են հայտարարություն, որում լուրջ
մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության և բռնությունների աճի, այդ թվում՝ շփման
գծում և հայ-ադրբեջանական սահմանում քաղաքացիական անձանց թիրախավորված սպանությունների առնչությամբ: «Համանախագահները կողմերին
թախանձագին կոչ են արել զոհերից խուսափելու պարտավորություն
ստանձնել և կանխամտածված գործողություններ չձեռնարկել գյուղերի և քաղաքացիական
բնակչության դեմ: Նրանք արտգործնախարարներին կոչ են արել մեղմացնել լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին», - ասված է ԵԱՀԿ
պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունում: Հուլիսի 22-ին Բրյուսելում
միջնորդներն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցել է հանդիպումներին:Ամփոփիչ հայտարարության մեջ ասվում է, որ արտգործնախարարները և համանախագահները քննարկել են նաև նախագահների մակարդակով հանդիպման հնարավոր օրակարգը՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումների կարևորությունը խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար: Նրանք նաև քննարկել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպումների հնարավորությունները: