


ԱՄՆ ներգրավված չէ գազի գնի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացում, սակայն, հաշվի առնելով լայն հասարակական հակազդեցությունը, Միացյալ Նահանգները հանդես է գալիս առաջիկա գործարքի թափանցիկության օգտին: Այդ մասին մայիսի 22-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Այդ համատեքստում դիվանագետը չափազանց կարևոր է համարել էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը, որպեսզի գների աճի դեպքում գնային մեծ տատանումներ չդիտվեն: Դիվանագետը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ավելի գործուն կերպով օգտագործել վերականգնվող էներգետիկան, ինչը կհանգեցնի էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման և էներգետիկ անվտանգության աճի:
Անդրադառնալով գների մոտալուտ աճը 30 տոկոսով սուբսիդավորելու ՀՀ կառավարության մտադրությանը` դեսպանն ընդգծել է, որ այդ հարցի վերաբերյալ գործադիր իշխանությունը պետք է որոշում կայացնի օրենսդիրների և ողջ ժողովրդի հետ համատեղ: Նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք բնական վառելիքի գների սպասվող աճը Ռուսաստանի կողմից ճնշում է Հայաստանի նկատմամբ: ՙՀայաստանն ու Ռուսաստանը գործընկերներ են՚, - հիշեցրել է դիվանագետը:



