Ոչ իշխանական եռյակը, ըստ երևույթին, պետք է ղեկավարվի ՙԺառանգություն՚ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի, այլ ոչ թե` կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններով, մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը`մեկնաբանելով դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում ՙքաղաքացիական հավաք՚ անցկացնելու Հովհաննիսյանի այսօրվա որոշումը: Այդ միջոցառումը Հովհաննիսյանն անցկացնելու է միայնակ`առանց եռյակի մյուս գործընկերների:
Լ. Սարգսյանի խոսքով, վատ է, որ ՙԺառանգության՚ առաջնորդի շուրթերից հնչում են հայտարարություններ, որոնք երբեմն տարբերվում են եռյակի ընդհանուր ուղեգծից, և ավելին`այժմ շատ դժվար է հասկանալ, թե ով է արտահայտում ՙԺառանգության՚ դիրքորոշումը`որպես քաղաքական ուժ: ՙԸստ երևույթին, մենք պետք է ղեկավարվենք այն ամենով, ինչ ասում է խմբակցության ղեկավար Ռուբեն Հոկոբյանը, քանի որ եռյակն առաջին հերթին խորհրդարանական խմբակցությունների դաշինք է: Իսկ Հակոբյանը շատ կառուցողական է տրամադրված: Հնարավոր է, ՙԺառանգություն՚ կուսակցությունում դժվար ժամանակներ են, գոյություն ունեն տարաձայնություններ, միանշանակ չեմ կարող ասել: Սակայն, ես Հովհաննիսյանի հայտարարությունը որպես եռյակում պառակտման նշան չէի դիտարկի: Վերջիվերջո, երեք ուժերից յուրաքանչյուրի առաջնորդն իրավունք ունի ինչ-որ նոր բան ներմուծել քաղաքական պայքարում՚,- ասել է պատգամավորը: