Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ հայտարարում են «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի առաջին փուլի ավարտի և երկրորդ փուլի մեկնարկի մասին: Ծրագիրն իրականացնում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, ծրագրի առաջին փուլին մասնակցեցին ավելի քան 350 ավագ դպրոցի աշակերտներ և ուսանողներ Երևանից և մարզերից, ովքեր «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացի ընթացքում ստացան ամբողջական գիտելիքներ և հմտություններ գրագետ ինքնակենսագրական գրելու, աշխատաշուկայում համապատասխան աշխատանք գտնելու և հարցազրույցին պատշաճ ներկայանալու մասին: Դասընթացներն անց են կացվել 10-15 մասնակցից բաղկացած խմբերում, որի ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր։
Նոյեմբեր ամսին մեկնարկեց դասընթացների երկրորդ փուլը, որի ընթացքում արդեն իսկ ընտրված 70 ակտիվ, նախաձեռնող և բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդների համար բիզնես ոլորտի փորձագետների կողմից կազմակերպվել է հատուկ մասնագիտական երկօրյա դասընթաց «Ինչպե՞ս սկսել սեփական բիզնեսը Հայաստանում» թեմայով: Այս փուլի ավարտին կընտրվեն լավագույն 20 մասնակիցներ, ում կաջակցեն գրանցել իրենց բիզնեսը և ստանալ մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն բիզնեսը վարելու ճանապարհին:
«Տարիներ շարունակ ՀՀ-ում երիտասարդության զբաղվածությունը մնում է կարևորագույն խնդիրներից մեկը, որը լուծված է մասամբ միայն: Այս ծրագրի շնորհիվ մենք հնարավորություն ենք ընձեռում երիտասարդներին բարձրացնելու իրենց ընդհանուր մրցունակությունն աշխատաշուկայում: Բիզնես գործունեության դադարեցման պատճառներից մեկը բիզնես վարելու վերաբերյալ գիտելիքների և փորձի պակասն է հանդիսանում: Ծրագրի շնորհիվ և դրա ավարտից հետո ՀԳՀՄ-ն մի քանի ամիս շարունակ կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն նոր ստեղծված ընկերությունների դիրքերը աշխատաշուկայում ամրապնդելու համար», - նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Թող քո հետք»-ը գլոբալ սոցիալական ռազմավարության շնորհիվ Beeline-ը շարունակում է իրագործել այնպիսի սոցիալական ծրագրեր, որոնք երիտասարդ սերնդին օգնում են սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը: Վստահ եմ, որ միավորելով տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, ուղղորդում ենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան։ Ուրախ եմ, որ Beeline-ի շնորհիվ Հայաստանի ողջ տարածքում նպատակասլաց երիտասարդները նոր և ակտուալ գիտելիքներ ստանալու ևս մեկ հնարավորություն կունենան, որոնք նրանց համար կբացեն ապագա մասնագիտական կայացման նոր հեռանկարներ»,- նշեց Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել բիզնես պլան կազմելու և կարիերան պլանավորելու, սեփական բիզնեսը հիմնելու և վարելու գործընթացը, բարձրացնել մրցունակությունն աշխատաշուկայում, ինչպես նաև նպաստել աշխատանքային միգրացիայի կանխարգելմանը և զբաղվածության խթանմանը։
Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 223 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով:-