Ակնհայտ է, որ 5 միլիարդ դոլար պետական պարտքը խոչընդոտ չէ Հայաստանի պաշտոնյաների ավտոմոբիլային նախասիրությունների համար: Բնականաբար` հենց այդ պարտքը ձևավորող պետական բյուջեի հաշվին:
Ճապոնական Toyota և Lexus բրենդերը ներկայացնող Toyota Yerevan ընկերությունում ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, պետական բյուջեի հաշվին հայ պաշտոնյաների հիմնական գնումները բաժին են ընկնում հենց նրան: Պատճառները հասկանալի են և ակնհայտ. Toyota Yerevan-ը, բնականաբար, միջնորդավորված, պատկանում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Սեդրակին:
Ուշագրավ է, որ պետբյուջեի հաշվին միայն Toyota-ից պետական կառույցների տարեկան գնումները տատանվում են 100 ավտոմեքենայի սահամաններում: Գնումների առավել քանակը` 90%, չգիտես ինչու, բաժին է ընկնում դեկտեմբերին: Համարձակություն ենք դրսևորում ենթադրելու, որ պաշտոնյաների ավտոախորժակների դեկտեմբերյան աճը ոչ վերջին հերթին հիմնավորվում է իրենց պետական կառույցների բյուջեների մնացորդները «մաքրելու» ձգտմամբ:
Միայն 2013 թվականի դեկտեմբներին Հայաստանի Ազգային ժողովը խորհրդարանական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների, փոխխոսնակների համար «տոյոտայից» ձեռք է բերել 10-ից ավելի Toyotа Camry ավտոմեքենա: Մեկ մեքենայի միջին արժեքը կազմել է 34 000 դոլար: Հինգ Toyota Prado ձեռք է բերել նախագահի աշխատակազմը: Հանուն արդարության հարկ է նշել, որ նախապես համաձայնեցված չափազանց համեստ կոմլեկտավորման առնչությամբ մեկ «պրադոյի» արժեքը չի գերազանցել 50 000 դոլարը:
Ավտոախորժակների մասով յուրօրինակ ռեկորդակիր է դարձել Պետական եկամուտների կոմիտեն, որը հետագայում միացել է «գերնախարար» Գագիկ Խաչատրյանի գլխավորած Ֆինանսների նախարարությանը: Մեր աղբյուրի տվյալներով, այդ կառույցը հարկատուների միջոցներով տարեկան ձեռք է բերում մի քանի տասնյակ Toyota Corolla, որոնցից «ամենաէժանագինն» արժե 24 000 դոլար: 2014 թվականին գերատեսչությունը ձեռք է բերել նաև երկու Toyota Prado` 112 000 դոլար ընդհանուր արժեքով: Բնականաբար, Ֆինանսների նախարարության ավտոպարկի բոլոր թարմացումները, գործանականում, բաժին են ընկնում դեկտեմբերին:
Եվս մեկ բավականին ուշագրավ պահ. Ֆինանսների նախարարությունն ամիսներ շարունակ «կորոլաները» չի տանում: Կառույցը կանոնավոր վճարում է ավտոմեքենաների արժեքը, դրանք հաշվառման վերցնում, վճարում է տեխզննման համար, ԱՊՊԱ ապահովագրավճարները, ինչից հետո ավտոմեքենաները ամիսներ շարունակ փոշոտվում են ավտոթրեյդերի պահեստներում: Իրավիճակի անհեթեթության գագաթնակետը եղել է այն դեպքը, երբ հարկային տեսուչը 2013 թվականին ձեռք բերված ծառայողական մեքենան վերցրել է 2015 թվականին …
Երևանի քաղաքապետարանն աչքի չի ընկնում հատուկ ախորժակով` ի տարբերություն իր ղեկավար Տարոն Մարգարյանի: «Էրեբունի-Երևան» տոնակատարությունից հետո, տառացիորեն հաջորդ օրը քաղաքապետի պահպանության ծառայության պետի անունով ձեռք է բերվել Lexus-ի Հայաստանի ներկայացուցչության ամենաթանկարժեք ավտոմեքենան` հիբրիդային LS 600 HL, որի արժեքն ըստ գնացուցակի կազմում է 200 000 դոլար: Նույն մեքենայից ձեռք է բերել նաև տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ճիշտ է` իր անունով: Երկու մեքենաների դիմաց վճարում է կատարվել կանխիկ դրամով:
Կանոնավոր կերպով «Տոյոտայում» հայտնվում է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմիկը: Երիտասարդն ամիսը 1-2 անգամ տարբեր մակնիշի ավտոմեքենաներ է ձեռք բերում, որոնց դիմաց վճարում է Unibank-ի վարկերի միջոցով և ձևակերպում տարբեր մարդկանց անուններով : Թե առևտրի ինչ մեխանիզմ է կիրառվում այդ մանիպուլյացիաներում` կարելի է միայն կռահել:
Ցուցակի վերջում մնում է միայն հավելել, որ 2011 թվականին ԱրմԻնֆո-ի նախաձեռնությամբ բարձրացված աղմուկից հետո, որն առնչվում էր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նույն "Toyota Yerevan"-ից 309 000 դոլար արժողությամբ 7 ավտոմեքենաների ձեռք բերմանը, ՀԱԵ ոչ միայն ոչ մի ավտոմեքենա ձեռք չի բերել, այլև հրաժարվել է տեխսպասարկումից, նույնիսկ` երաշխիքային:
Ուստի, ըստ երևույթին, պատահական չէ, որ պետական այրերը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հայրենական բիզնեսին առաջարում են հարկեր վճարել, խստացնելով հարկային վարչարարությունը, դրանով իսկ երաշխավորելով նրա հանգիստ քունը, իսկ իրենց համար` շքեղ կյանք, որում ավտոմեքենաները պաշտոնյաների «հեղինակության» սոսկ չնչին տարրն են: