«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետության անունից ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը «դե ֆակտո» նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ այն ճանաչելով որպես հակասահմանադրական քայլ ընդդեմ Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության, որպես հայոց երկու պետականությունների անկախությանն ու անվտանգությանն ուղղված լրջագույն սպառնալիք: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո
գործակալությանը տրամադրված կուսակցության հայտարարության տեքստում:
Բացի այդ, «Ժառանգությունն» անընդունելի է համարում Հայաստանի Հանրապետության անդամակցումը միջպետական կամ վերպետական ցանկացած կառույցի՝ առանց առնվազն Հայաստանի կողմից նախօրոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման: Հայտարարության հեղինակները կարծում են,
որ ԵՏՄ-ում Հայաստանն իրականում հանդիսանում է ոչ այնքան որպես իրավահավասար գործընկեր, որքան ընդամենը «աղքատ ազգական» կամ գործիք՝ ուրիշների վրա ներգործելու համար, իսկ այս դեպքում Ադրբեջանին վճարվող նվազագույն գինը Արցախն է:
«Ժառանգությունը» համարում է, որ Հայաստանը ԵՏՄ-ին միացնելու՝ հանրապետության իշխանության դատապարտելի ջանքերը, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի ազգային շահերից չբխող արտաքին եւ ներքին քաղաքականությունները միտված են սոսկ ընտրությունների կեղծման արդյունքում ձեռք բերած անձնական իշխանությունը խուսավարելու եւ երկարաձգելու փորձերին: Միևնույն ժամանակ հայտարարությունում
ընդգծվում է, որ անարդար ընտրությունների միջոցով իշխանությունը բռնազավթած պարոն Սարգսյանն իրավասու չէ Հայաստանի ժողովրդի անունից կնքելու որեւէ պայմանագիր, ստանձնելու որեւէ պարտավորություն:
Այդ առնչությամբ կուսակցությունը
խորհրդարանին կոչ է անում ձեռնպահ մնալ սույն պայմանագրի վավերացումից, կամ այն վավերացնել միմիայն Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պարտադիր նախապայմանով:
«Ակնհայտ է, որ այս եւ ածանցյալ բոլոր խնդիրների լուծման ամենակարճ ու արդյունավետ ճանապարհն այսօրվա իշխանությունների շուտափույթ ու ամբողջական հեռացումն է, ինչը թե՛ Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մեծամասնության եւ թե՛ Սահմանադրության հրամայական պահանջն է», - ամփոփում են հայտարարության հեղինակները: