Եթե Հայաստանում գտնվի
թեկուզ մեկ քաղաքացի, որը հավատում է դատական համակարգի անկախությանը, ապա
անհրաժեշտ է նրան ներկայացնել Գինեսի ռեկորդների գրքում ներառելու համար: Ազգային
ժողովի ամբիոնից այդպիսի կարծիք է հայտնել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա
Զոհրաբյանը: Նրա կարծիքով, բնական է, որ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում կարմիր թելի նման անցնում են
մարդու իրավունքների խախտման դեպքերը, քանի որ չկա մի ոլորտ, որտեղ խախտումներ
չլինեն: Նա նշել է, որ պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում 1 մլն քաղաքացի
ծայրահեղ աղքատության շեմին է, սակայն նույնիսկ այդ քաղաքացիները, չնայած իրենց
սոցիալական խնդիրներին, տարբեր սոցհարցումների տվյալներով, ամենամեծ խնդիրը
համարում են կոռուպցիան և անվստահությունն իրավապահ մարմինների նկատմամբ:
«Չեմ կարծում, թե գեթ մեկ
քաղաքացի հավատում է դատական համակարգի անկախությանը և այն բանին, որ դատավորները
քաղաքական պատվերներ չեն կատարում: Եթե գտնվի գեթ մեկ քաղաքացի, ապա մենք անհապաղ
պետք է նրան ներկայացնենք Գինեսի ռեկորդնրի գրքում ներառման համար` որպես էքստրաօրդինար
մտածողություն ունեցող մարդու», - նշել է նա:
Պատգամավորը հավելել է, որ
անչափահազ Շահեն Հարությունյանի նկատմամբ դատավճիռը չի կարելի ներկայացնել այլ
կերպ, քան քաղաքական պատվեր: «Ինչպե՞ս կարելի է խոսել արդարության մասին, եթե Շահենին
միայն քաղաքական հայացքների համար դատապարտում են 4 տարվա պայմանական ազատազրկման,
իսկ «սյունյաց արքունիքի» երիտասարդին արդարացնում են, չնայած այն հանգամանքին, որ
նրա արձակած գնդակից մարդ է մահացել ( խոսքը վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրեն
Խաչատրյանի որդուն - խմբ)», - նշել է նա:
Զոհրաբյանը
նաև մարդու իրավունքների պաշտպանին առաջարկել է հարց բարձրացնել պայմանական
ազատման հանձնաժողովի աշխատանքի առնչությամբ, որը, նրա կարծիքով, կամ անգործության
է մատնված, կամ հակաօրինական գործունեություն է իրականացնում: «Անհրաժեշտ է կամ
լուծարել այդ «անկախ» հանձնաժողովը, կամ փոխել նրա գործունեության մեխանիզմները»,
- նշել է նա: