Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անցած գիշեր Երևանում լրագրողների նկատմամբ բռնության փաստի առնչությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանը, գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 164 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի հատկանիշներով: Նախաքննության համար գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:
Միևնույն ժամանակ, Գլխավոր դատախազությունը կապվել է ԶԼՄ-ների հետ, ում լրագրողները տուժել են բռնության արդյունքում, խնդրելով տրամադրել իրենց մոտ եղած բռնության փաստերը` քրեական գործի շրջանակում ուսումնասիրելու համար: Գլխավոր դատախազությունը նաև կոչ է անում այն ԶԼՄ-ներին, ում աշխատակիցները տուժել են բռնությունից, այդ մասին հաղորդել կառույցին:
Ինչպես արդեն հաղորդել ենք, հուլիսի 30-ի գիշերը Երևանում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների ժամանակ քաղաքացիական հագուստով անհայտ անձինք ծեծել են մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների, կոտրել են տեխնիկան, իրավապահների կիրառած հատուկ միջոցներից տուժել են որոշ լրագրողներ: