Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենային ուղղությամբ կատարվել են կրակոցներ:
Ոստիկանությունից ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է, որ Գորիս-Կապան ճանապարհին ժամը 18:15-ի սահմաններում կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի ավտոմեքենայի վրա: Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանն ասել է, որ տուժածներ չկան: Ոստիկանության Գորիսի բաժինն այսօր երեկոյան ահազանգ է ստացել, որ Գորիսի վարչական տարածքում հնչել են կրակոցներ։
Հիշեցնենք, որ օրերս միջադեպ էր տեղի ունեցել` Խաչատրյանի որդու մասնակցությամբ: Մայիսի 2-ին «Գորիս բժշկական կենտրոնից» Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարութ Զաքարյանըª «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով: Դեպքի առիթով նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին ժամը 16:00-ի սահմաններում, Հարութ Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլե կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք»: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հարութ Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք: Մայիսի 4-ին Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «ինքնությունը չպարզված անձանց կողմից «Սդղի գյոլե կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվե»:
Օրերս Տիգրան Խաչատրյանը ցուցունքներ տալու նպատակով ներկայացել էր ոստիկանություն: Իսկ տուժած Հարութ Զաքարյանին Մոսկվայում վիրահատել էին և հեռացրել աչքը: