«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը Beeline-ի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ կհիմնադրի ազգային մրցանակ PR ոլորտում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, մրցանակաբաշխության նպատակն է համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող լավագույն ծրագրերը, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը: Հայկական PR մրցանակաբաշխությունը կօգնի նոր չափանիշ սահմանել հանրային կապերի պատասխանատուների համար, խթանել առողջ մրցակցություն մասնագիտական դաշտում, լինել առավել ստեղծագործ, ինքնատիպ ու առաջադեմ:
«Հանդիսանալով երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի ղեկավար` իմ փորձով բազմիցս համոզվել եմ, որ հաջողության հասնելու գործում անհրաժեշտ է կայացնել ճիշգրիտ որոշումներ, ընտրել ճիշտ մոդելներ՝ հաղորդակցություն կառուցելու ժամանակ։ Կարևորելով այն, որ հանրային կապերի դերը շարունակաբար աճում է և արհեստավարժ մասնագետները գնալով ավելի գնահատված և պահանջված են դառնում շուկայում, շատ ուրախ եմ, որ հենց Beeline է ստանձնել այս ոլորտի աջակցությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ցանկացած ընկերության գրագետ գործունեության համար ճիշտ PR-ռազմավարության մշակումն ու իրականացումը կենտրոնական նշանակություն ունեն: Ունենալով լավագույն փորձերից մեկը PR-ի ոլորտում, Beeline-ը կարևորում է այդ փորձի փոխանակումն այլ կազմակերպությունների մասնագետների հետ: «Հայկական PR մրցանակաբաշխություն»-ը մեզ կտա այդ հնարավորությունը, միևնույն ժամանակ կնպաստի PR-ի գնահատման նոր չափանիշներ ձևավորմանը և կխթանի հայկական PR-մշակույթի զարգացմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Տաթև Այրումյանը:
«Արդեն տասը տարի մեր կազմակերպությունն իրականացնում է բազմաբնույթ PR նախագծեր և ուսուցողական ծրագրեր, որոնք նպաստում են PR մշակույթի տարածմանն ու զարգացմանը: Մեզ այսօր անհրաժեշտ են գիտակ հանրային կապերի մասնագետներ, խորհրդատուներ, ովքեր կնպաստեն իրենց ընկերությունների, կազմակերպությունների դրական կերպարի ձևավորմանը, հրապարակայնացմանը, գրագետ և թափանցիկ աշխատաոճի որդեգրմանը: Այս ամենը հաշվի առնելով՝ ասոցիացիան նախաձեռնեց Հայկական PR մրցանակաբաշխությունը, որի արդյունքները կբխեն իրականացվող հետազոտությունից: Մրցանակաբաշխությունը հնարավորություն կտա գնահատել հանրային կապերի ոլորտում արձանագրած հաջողություններն ու բացթողումները, մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները»,- նշում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:
Հանրային կապերի ոլորտում առաջին անգամ իրականացվող հետազոտությունը հնարավորություն կտա վերլուծելու Հայաստանում անկախացումից հետո մասնագիտական ձեռքբերումները, պարզելու ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները՝ նպաստելով հանրային կապերի մասնագետի կրթմանն ու արժևորմանը: Հետազոտությունների արդյունքները կամփոփվեն Հայկական PR մրցանակաբաշխությանը:
Մրցանակաբաշխությունը նվիրվում է Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակին, ինչպես նաև «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ 10-ամյակին:
Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline:
Նշենք,ո ր «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով:-