Ուկրաինայի կառավարությունը մալազիական Բոինգի վթարում անջատականների մեղքի անհերքելի ապացույցներ ունի, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:
Ըստ որում, նա ավելացրել է, որ միջազգային հանձնաժողովի մասնագետները կորոշեն, թե իրականում ով է պատասխանատվություն կրում մալազիական ավիաուղիների օդանավի վթարի համար:
ՙՈւկրաինան շահագրգռված է օբյեկտիվ հետաքննության և ողբերգության իրական մեղավորներին հայտնաբերելու հարցում՚,- ընդգծել է նա:
Կուխտան նաև հայտնել է, որ հետաքննության պատշաճ անցկացման նպատակով ուկրաինական իշխանությունները դադարեցրել են հակաահաբեկչական գործողության անցկացումը:
Դիվանագետը նաև տեղեկացրել է, որ մալազիական օդանավի վթարի հետ կապված`Ուկրաինան մտադիր է միջազգային հանրությունից պահանջել Դոնեցկի և Լուգանսկի անջատականներին ահաբեկիչներ ճանաչել:
ՙԱնջատականներին ահաբեկիչներ ճանաչելն ինքնաբերաբար կհանգեցնի այն երկրների պատասխանատվության մեծացմանը, որոնք ֆինանսական և ռազմական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինայի արևելքի գրոհայիններին՚,- ընդգծել է Կուխտան: Անջատականներին սպառազինություն մատակարարելու հարցում Կուխտան մեղադրել է Ռուսաստանին: