Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հայկական ուղղաթիռի և Սիրիայի երկնքում ռուսական ինքնաթիռի խոցմանն առնչվող միջադեպերը միևնույն ձեռագիրն ունեն: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որն աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում:
«Դա ակնհայտ է, և միջազգային հանրությունը պետք է համապատասխան հետևություններ անի: Եթե ժամանակին հայկական ուղղաթիռին առնչվող միջադեպն արժանանար պատշաճ միջազգային արձագանքի, հնարավոր է, կարելի կլիներ խուսափել հետագայում նման դեպքերի կրկնությունից: Մենք բոլորս պետք է համախմբված աշխատենք նման երևույթների բացառմանը նպատակաուղղված կանխարգելիչ միջոցառումների իրագործման ուղղությամբ», - հայտարարել է Շարմազանովը, հավելելով, որ այդ շետադրումներն ինքը մտադիր է ընդգծել նաև ՀԱՊԿ ԽՎ 8-րդ լիակազմ նիստի շրջանակում իր հանդիպումների և ելույթների ժամանակ, այդ թվում` ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում:
Նա ընդսմին ընդգծել է, որ Անկարան հետևություններ չի անում կատարվածից և իր նոր հայտարարություններով էլ ավելի է բարդացնում տարածաշրջանում առկա իրավիճակը: «Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե Անկարան կշարունակի ջանքերը «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու» ուղղությամբ: Ստեղծված իրավիճակում Անկարան պետք է զբաղվի զուտ սեփական խնդիրներով, որոնք առանց այդ էլ բավականաչափ են, այլ ոչ թե թիքը խոթի ուրիշի գործերի մեջ: Ուշագրավ է, որ այդ ֆոնին Դավութօղլուն խոսում է նաև Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի մտադրության մասին: Այդ հայտարարությունը չի կարելի որակել այլ կերպ` քան դեմագոգիա», - հայտարարել է Շարամզանովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈՒ խոցել էին ԼՂՀ ԶՈՒ «ՄԻ-24» ուղղաթիռը, որն ուսումնավարժական թռիչք էր իրականացնում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Ուղղաթիռում գտնվում էին ԼՂՀ ԶՈՒ երեք սպաներ: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել էր արիության մեդալով: