Հայտնի Amnesty
International իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում անդրարադձել է Հայաստանում հավաքների ազատությանը, խաղաղ ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից ուժի գործադրմանն առնչվող խնդիրներին:
Զեկույցի համաձայն, տեղի իրավապաշտպանները շարունակում են բարձրաձայնել ոստիկանական բաժանմունքներում ծեծի և վատ վերաբերմունքի դեպքերի մեծ թվի մասին:
Մասնավորապես, խոսքը
վերաբերում է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, ակտիվիստ Շանթ Հարությունյանին,
ով այժմ պատիժ է կրում: «Իրավապահներն այդպես էլ արդյունավետ քննություն չեն
կատարել ձերբակալման ժամանակ Ոստիկանությունում ընդդիմադիր առաջնորդ Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառված բռնության առնչությամբ»,
- ասված է զեկույցում:
Փաստաթղթում ասվում է, որ
ավելի վաղ Շանթ Հարությունյանը դատարանում վերահաստատել էր այն տեղեկատվությունը, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանական բաժանմունքում հարվածել է իրեն: Ինքը` Գասպարյանը, այն ժամանակ հերքել էր այդ տեղեկատվությունը: «Ինչպե՟ս եք դուք պատկերացնում, եթե ոստիկանապետն իրեն թույլ տար նման բան անել, Շանթից բան կմնա՞ր», - ասել էր նա լրագրողներին:
Հիշեցնենք,
որ Շանթ Հարությունյանը ձերբակալվել է 2013 թվականի նոյեմբերի 5-ին Ազատության
հրապարակում տեղի ունեցած միջադեպից հետո: Հարությունյանը «Ես հեղափոխություն եմ
հայտարարում» պաստառով նստացույց էր անում «Ազատության» հրապարակում, նոյեմբերի
5-ին ի պաշտպանություն Հարությունյանի «Անոնիմուս» երթի մասնակիցները «հանդիպեցին»
ոստիկանական շրջափակման, ինչից հետո տեղի ունեցավ ընդհարում: Գործի դրվեցին
մահակներ և դյուրավառ խառնուրդով շշեր: Հետագայում Հարությունյանը դատապարտվեց 6
տարի ազատազրկման: