Ռուսաստանը Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանը ռուս-թուրքական կոնֆլիկտի մեջ չի ներքաշի, քանի որ դա կընդլայնի հակամարտության մասշտաբները: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
ՙՏվյալ պահին ռազմակայանի ուժերն ուղղված են օդային սահմանների պաշտպանությանը և Մերձավոր Արևելքում իրավիճակի մոնիտորինգին: ՌԴ-ն բավականաչափ հնարավորություններ ունի Սիրիայում, որպեսզի դիմակայի թուրքական սադրանքներին և հարվածներ հասցնի ահաբեկիչներին՚,-նշել է փորձագետը: Նա նաև ավելացրել է, որ խոցելով Սու-24 ռուսական ինքնաթիռը՝ Անկարան սխալ է թույլ տվել, ինչը կհանգեցնի տնտեսական և հումանիտար ոլորտում ռուս-թուրքական հարաբերությունների սրացմանը: ՙԲացի այդ, Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ Թուրքիան պաշտպանում է ՙԻսլամական պետության՚ գրոհայիններին, ինչի հետևանքը կարող է դառնալ մի շարք համատեղ կարևոր նախագծերից հրաժարվելը և ռուսական շուկայում թուրքական ընկերությունների դիրքերի կորուստը: Այսինքն՝ կարող է միջնորդավորված պատերազմ սկսվել, որում Ռուսաստանը կդիմի Թուրքիայի քրդական շարժումների օգնությանը և տնտեսական ճնշումների՚,- նշել է փորձագետը:
Քաղաքագետը նշել է նաև, որ որպես պատասխան գործողություն՝ Թուրքիան կարող է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և օգտագործելով Ադրբեջանին՝ մեծացնել լարվածության մակարդակն արցախյան զինված ուժերի հետ շփման գծում: ՙԱրցախն այժմ պոտենցիալ վտանգի տակ է, բայց ակնհայտ է, որ Բաքուն չի ցանկանում միջամտել այդ հակամարտությանը և կփորձի խուսափել ռիսկային իրավիճակներից: Սակայն, եթե ադրբեջանական իշխանություններն անշրջահայաց լինեն և հակառուսական գործողություններ սկսեն, իրենք էլ լուրջ խնդիրներ կունենան՚,- ասել է փորձագետը:
Նշենք, որ ռուսական Սու-24-ը խոցվել էր նոյեմբերի 24-ին Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքնաթիռը խոցվել է թուրքական F-16-ի կողմից սիրիական տարածքում և վայր ընկել Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանից չորս կմ հեռավորության վրա: Ռուսաստանի առաջնորդը դա ահաբեկիչների աջակիցների կողմից ՙթիկունքից հարված է՚ անվանել: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը չեղյալ է հայտարարել իր այցը Թուրքիա: Շատ փորձագետների կարծիքով, Մոսկվան կկասեցնի Անկարայի հետ բոլոր համատեղ բիզնես նախագծերը՝ ներառյալ ՙԹուրքական հոսք՚ գազատարի և Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցումը: