«Նաիրիտի» վերագործարկումն ու շահագործումն աննպատակահարմար լինելու կարեւորագույն պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում գազն ու էլեկտրաէներգիան ավելի թանկ են, քան այդ ոլորտում մեր մրցակից երկրներում: Այսպիսի եզրակացության են հանգել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ամիսներ շարունակ ուսումնասիրություններ անցկացրած փորձագետները, որոնք պատրաստել եւ օրերս հրապարակել են «Նաիրիտ» գործարանի շահագործման տեխնիկական իրագործելիության եւ ֆինանսական կենսունակության գնահատում» զեկույցը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ փորձագետների կարծիքով, վերագործարկելու դեպքում «Նաիրիտի» արտադրանքը կունենա աշխարհում ամենաբարձր ինքնարժեքներից մեկը: «Սա հետաքրքիր է այն առումով, որ հատկապես վերջին շրջանում ՀՀ պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե Հայաստանում գազն ու էլեկտրաէներգիան ավելի էժան են, քան այլուր», - նշում է թերթը։
Նշենք, որ ձեռնարկության վերագործարկման համար կպահանջվի առնվազն 250 մլն դոլար: Սակայն, նույնիսկ ներդրողների առկայության դեպքում առայժմ պարզ չէ, թե արդյոք գործարանի արտադրանքը գնորդ կունենա, արդյոք այն մրցունակ կլինի միջազգային շուկայում: Արդեն 4 տարի պարապուրդի մատնված գործարանում ստեղծվել է չափազանց բարդ ֆինանսական իրավիճակ: Միայն աշխատավարձի գծով պարտքերը կազմել են 5,7 մլրդ դրամ` չհաշված սոցիալական վճարումներն ու եկամտահարկը: Ձեռնարկության ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի նշագծին (շուրջ 130 մլն դոլար): Մինչև 80-ական թվականների վերջը գործարանն զբաղեցնում էր համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին ՙՆաիրիտ՚ գործարանի բաժնետոմսերի 89,999 %-ը վաճառվել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը պատկանում է 4,496%, ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ին (ներկայում` ՙԳազպրոմ Արմենիա՚)` 3,596%-ը ՙԵրևանի ՋԷԿ՚ ՓԲԸ-ին` 1,907%: ՙՆաիրիտ՚ գործարանի բաժնետոմսերը գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլարի վարկի դիմաց, որը տրամադրվել էր 2006 թվականին 5 տարի ժամկետով, 12,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով: