Ռուսական 200 մլն դոլարի վարկից ոչ մի կոպեկ չի ուղղորդվի էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորմանը: Հուլիսի 2-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը` խորհրդարանի վավերացմանը ներկայացնելով ռուսական սպառազինություն ձեռք բերելու համար ՌԴ կողմից Հայաստանին արտոնյալ վարկի տրամադրման շուրջ հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիրը:
Նազարյանը նշել է, որ համաձայնագիրը նպատակաուղղված է բացառապես պաշտպանության կարիքներին և կոչված է ապահովելու ռազմական պարիտետը տարածաշրջանում: Համաձայնագիրն ստորագրվել է հունիսի 26-ին Երևանում` հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում: Վարկը տրամադրվում է 13 տարով` առաջին 3 տարին վճարումների արտոնյալ ժամկետով և 3% տոկոսադրույքով: Համաձայնագրի շրջանակում 2015-2017թթ. Հայաստանը ռուսական սպառազինություն ձեռք կբերի: Վարկը կիրացվի լիազոր մրամինների միջոցով` ի դեմս ՀՀ ԿԲ և ՌԴ «Վնեշէկոնոմբանկի»: Հայաստանի կառավարության համաֆինանսավորումը կակզմի 10%: Փաստաթղթում ներկայացված է վճարումների կարգը, վարկի բաշխումն ըստ տարիների:
Փոխնախարարը նշել է, որ Համաձայնագրի շրջանակում Հայաստանն առաջին անգամ ձեռք կբերի սպառազինություն, որը երկրի զինված ուժերում չի կիրառվել: Ընդ որում փոխնախարարը նշել է, որ սպառազինության որոշակի տեսակները պետական գաղտնիք է: Մինչդեռ, հայկական ԶԼՄ-ների համաձայն, նախատեսվում է, որ Ռուսաստանը Հայաստան կառաքի «Իսկանդեր Մ» գերժամանակակից օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրներ, որոնք համարվում են ռուսական հրթիռաշինության լավագույն մշակումներից և ունեն բավականին բարձր տեխնիկական բնութագրեր: Բացի այդ, նախատեսվում է Հայաստան մատակարարել «Պանցիր-Էս» զենիթային հրթիռաթնդանոթային համալիր, «Տիգր», «ԲՏՌ-80» զրահամեքենաներ, կապի միջոցներ: Ի պատասխան ԱրմԻնֆո-ի խնդրանքին` ՀՀ պաշտպանության նախարարությունում ոչ հաստատել և ոչ էլ հերքել են այս և այլ ռուսական սպառազինությունների Հայաստան մատակարարման վերաբերյալ տեղեկատվությունը` հորդորելով սպասել գործընթացի սկսվելուն: