Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում, ոչ մի կերպ չի համապատասխանում աշխարհում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացիներին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ, Հայաստանի առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
ՙՀայաստանին չի մտահոգում, որ, ամենայն հավանականությամբ, շուտով մենք պայթյուն կտեսնենք Վրաստանի ներսում, ինչը վտանգավոր է մեր երկրի համար, քանի որ մեզ համար կիկին կփակվի հաղորդակցական կապը: Վրաստանը վերջին տարիներին համառորեն գնում է Ռուսաստանի հետ առճակատման, ինչը հարվածի տակ է դնում նաև Հայաստանի հանգստությունը՚,- գտնում է փորձագետը:
Ըստ որում, Մանուչարյանը համոզված է, որ Հայաստանը շարունակում է ամբողջովին կառավարվել դրսից: Միաժամանակ նա վստահ է, որ ստեղծված իրավիճակից ելքի համար հայ ժողովուրդը պետք է համախմբվի և ստիպի իշխանությանը հաշվի նստել երկրի քաղաքացիների շահերի հետ:
Փորձագետն անդրադարձել է նաև ԼՂՀ ԶՈւ ՄԻ-24 ուղղաթիռին`նշելով, որ ուղղաթիռն ադրբեջանական կողմից խփվել է պատահաբար, պատահաբար էլ հայտնվել է անմիջապես շփման գծի մոտ:
ՙԱդրբեջանական կողմի գործողություններում տրամաբանություն չկա, այսինքն`դա պլանավորված քայլ չէ: Բայց, կարծում եմ, որ Ռուսաստանը պարտավոր է միջամտել, որպեսզի թույլ չտա իրավիճակի սրում: Դրան պետք է նպաստեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՚,- եզրափակել է նա: