Այսօր, անշուշտ, Ռուսաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման պահանջ կա, հակառակ դեպքում` Վլադիմիր Պուտինը և Գեորգի Մարգվելաշվիլին ուղղակի հետաքրքրությունից դրդված այդ թեման չէին բարձրացնի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Անցած շաբաթ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՙԻմեդի՚-ին հարցազրույցում հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, եթե վերջինս հանդիպման պատրաստակամություն հայտնի: Ի պատասխան Վրաստանը նախագահը Ռուսաստանին և Վրաստանին առնչվող թեմաների շուրջ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել: ՙՄենք Ռուսաստանին առաջարկում ենք բարիդրացիական հարաբերություններ`մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման պայմանով՚,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Վերլուծաբանը գտնում է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերի առնչությամբ տարաձայնություններից բացի, Թբիլիսին և Մոսկվան իրենց կապող գործոնները քննարկելու խիստ անհրաժեշտություն են զգում: Առաջին հերթին`Հայաստանին վերաբերող հարցերը, որը 2015 թ. հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության մեջ է մտնում: Հարցը, նրա կարծիքով, ակնհայտորեն ավելորդ չէ`հաշվի առնելով, որ Ռուսաստանի հետ սահման չունեցող Հայաստանի արտահանման ու ներմուծման երկու երրորդն անցնում է Վրաստանով տարանցմամբ: Եվ դա այն պայմաններում, երբ Թբիլիսին ստորագրել է Եվրամիության հետ AA-ն և DCFTA-ն: ՙԱվելորդ չէ քննարկել նաև ԻԼԻՊ կազմակերպության արմատականների կողմից ցուցաբերվող հետաքրքրությունը Կովկասի նկատմամբ`հատկապես հաշվի առնելով, որ ԻԼԻՊ-ն ընդհուպ մոտեցել է Թուրքիայի սահմանին՚,- համոզված է Մարկեդոնովը:
Վերլուծաբանի կարծիքով, Մարգվելաշվիլիի արձագանքը Կրեմլի հրավերին կարելի է երկու կերպ մեկնաբանել: Առաջին հերթին`որպես հանդիպման նպատակահարմարության վերաբերյալ կասկածների ցուցադրում: Սակայն, երկկողմ հարաբերություններում կոնֆլիկտների քննարման անհրաժեշտության առնչությամբ Մարգվելաշվիլիի արտահայտած ըմբռնումն ընդհանուր առմամբ հուսադրում է`վկայելով տարբեր խնդիրներ միմյանց կապելու Թբիլիսիի ցանկության բացակայության մասին: