Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում 2011 թվականից սկսած մենք էական առաջխաղացում չունենք: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում:
Պետության ղեկավարի ասելով,
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի
նախագահների Կազանի հանդիպումից հետո հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթում
որևէ ուղղում կամ լրացում չի եղել: «Կարծում եմ՝ մեր դիրքորոշումը ձեզ ծանոթ է,
նորից չկրկնեմ. մեր ամբողջ նպատակն է, որպեսզի Ադրբեջանն ընդունի Լեռնային
Ղարաբաղի ժողովրդի` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Մենք այլ խնդիր
չունենք, և ուզում ենք, որպեսզի դա լինի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե՝ նոր զոհերի
գնով», - ասել է նա:
Նախագահը
հավելել է, որ Բաքվի վերջին բազմաթիվ դիվերսիաները շփման գծում և հայ-ադրբեջանական
սահմանում ունեին մեկ նպատակ. միջազգային հանրությանը հստակ հասցնել այն գաղափարը,
որ պատերազմը չի ավարտվել, որ ստատուս քվոն անընդունելի է: «Եվ դա կատարվում է ոչ
թե պարզապես կրտսեր հրամանատարների կամ միջին հրամկազմի ցուցումով, այլ ամենաբարձր
մակարդակով: Ես մի անգամ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահը դա չի թաքցնում, և
վստահաբար հիմա էլ կարող եմ ասել, որ դա այդպես է: Բայց այս անգամ որոշակի
երանգներ կային, և այդ երանգներից մեկն այն է, որ ադրբեջանցիները լրացուցիչ
նպատակներ էին դրել: Նպատակներից մեկը, իհարկե, ինչպես ասվում էր՝ մեր աչքը
վախեցնելն էր և իրենց ահռելի ծախսերն արդարացնելը: Ուզում էին արդեն որոշակի
լրջության աստիճանով ցույց տալ և՛ մեզ, և՛ իրենց ժողովրդին, որ իրենք
առավելություն ունեն: Ինչու՞ եմ ասում լրջության աստիճանով, որովհետև վերջին 20
տարիներին, իհարկե, տարբեր ժամանակաշրջաններում հրադադարի խախտման դեպքեր եղել են,
բայց երբեք չի եղել, օրինակ, կրակ ականանետերից: Այս անգամ եղավ, և հաստոցավոր
նռնականետերից, այսինքն՝ սա նշանակում է, որ տրամաչափն ավելանում է, և վտանգը,
իհարկե, մեծանում է: Երկրորդ, կարծում եմ, որ նրանք իրենց քաղաքականությունն էին
առաջ տանում: Այսինքն, այս առաջինը, եթե իրենց հաջողվեր, ապա պետք է մշտապես իրենց
թեզը ամրապնդեին. այն թեզը, թե ռազմական գործողություններ չսկսելը՝ բանակցային
գործընթացում զիջում է Ադրբեջանի կողմից: Ծիծաղելի է, բայց փաստ է: Այսինքն, դա
փաստարկ չի, դա ուղղակի շանտաժ է: Նաև
տարբեր այլ խնդիրներ են իրենք իրենց առջև դրել, և երբ մեր հերթական հանդիպումն էր
տեղի ունենում, կարծում եմ, որ նրանք լավ վիճակում չէին», - հայտարարել է ՀՀ
նախագահը: