ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը դեռ ճշտում է մարտի սկզբին արտահերթ համագումարի անցկացման հետ կապված հարցերը, և համագումարի ամսաթվի ու օրակարգի առնչությամբ հստակ որոշումներ չեն կայացվել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ-ից պատգամավոր Վահան Բաբայանը:
Նշենք, սակայն, որ ԲՀԿ-ից պատգամավոր Միքայել Մելքումյանն ավելի վաղ հայտնել էր, որ համագումարը նախատեսված է մարտի 5-ին: Նախատեսվում է, որ համագումարի ժամանակ քննարկվելու է ԲՀԿ նոր նախագահի հարցը, քանի որ Գագիկ Ծառուկյանը նշանակվելու է կուսակցության պատվավոր նախագահ: Կուսակցության նոր նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների թվում նշվում են Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը: Համագումարում կորոշվի ԲՀԿ գործողությունների հետագա մարտավարությունը:
Այնուամենայնիվ, Բաբայանը հայտնել է, որ ԲՀԿ կողմից ընդունված որոշումներն անսպասելի կլինեն և որևէ ընդհանրություն չեն ունենա այն լուրերի հետ, որոնք ներկայումս շրջանառվում են քաղաքական դաշտում ԲՀԿ-ում տիրող իրավիճակի առնչությամբ:
Պատգամավորը նաև հավաստիացրել է, որ տեղեկատվության չի տիրապետում այն առնչությամբ, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ՙԿենտրոն՚ հեռուստաընկերությունն արդեն նոր սեփականատեր ունի: Շրջանառվող լուրերի համաձայն, մոտ ժամանակներս ՙԿենտրոնի՚ նոր սեփականատերերը կվերապրոֆիլավորեն այն Հայաստանում Եվրասիական տնտեսական միության հեռուստաալիքի: ԶԼՄ-ների համաձայն, մոտ ժամանակներս կփակվեն նաև ԲՀԿ-ի հետ կապակցված բոլոր պորտալները, քանի որ Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է դրանց ֆինանսավորումը:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի հասցեին ՀՀ նախագահի քննադատությունից և նրանց հետագա ՙհաշտեցումից՚ հետո Ծառուկայնը, քաղաքական դաշտում շրջանառվող լուրերի համաձայն, մտադիր է ամբողջովին հրաժարվել հետագա ակտիվ քաղաքական գործունեությունից: