Վերջերս Ucom ընկերությունը մասնակցել է «Մարդկային ռեսուրսների կառավարման լավագույն փորձ» ուսումնասիրությանը, որը կազմակերպվում և իրականացվում է Ամստերդամում հիմնադրված Լավագույն գործատուների ինստիտուտի (http://www.top-employers.com/) կողմից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, լավագույն գործատուների ինստիտուտի նախաձեռնությամբ ամեն տարի իրականացվող ուսումնասիրության նպատակն է ուսումնասիրել ամբողջ աշխարհի խոշոր գործատուների կողմից իրենց աշխատակիցներին առաջարկվող պայմանները և իրականացնել գնահատում՝ ընդունված միջազգային չափանիշներին համապատասխան: Արդյունքում, աշխարհի միայն առաջատար գործատուներն են արժանանում «Լավագույն գործատու» տիտղոսին:
Ucom ընկերության կողմից իր աշխատակիցներին առաջարկող պայմանների գնահատումն իրականացվել է 9 չափանիշների հիման վրա՝ Մեծ պոտենցիալով աշխատակիցների կառավարման ռազմավարություն, Մարդկային ռեսուրսների պլանավորում, Աշխատակցի ընդունելության գործընթաց, Ուսուցում և մասնագիտական զարգացում, Աշխատանքի արդյունավետության կառավարում, Առաջնորդություն, Կարիերայի և մասնագիտական առաջխաղացման կառավարում, Աշխատակիցների փոխհատուցում ու արտոնություններ, Մշակույթ:
Արդյունքում, Ucom-ը բարեհաջող անցել է հավաստագրման գործընթացի բոլոր փուլերը և արժանացել «Հայաստանում 2016թ. լավագույն գործատու» տիտղոսին, քանի որ ընկերության կողմից իր աշխատակիցներին առաջարկվող պայմանները համապատասխանել և որոշ հարցերում անգամ գերազանցել են հավաստագրմանը ներկայացվող բոլոր չափանիշները:
«Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր ընկերությունը 2016 թվականին «լավագույն գործատու» տիտղոսին արժանացած միակ հայկական ընկերությունն է: Այս մրցանակը վկայում է մեր աշխատակազմի պրոֆեսիոնալիզմի մասին: Այն փորձը, որ մենք կուտակել ենք տարիների ընթացքում, նաև այն ժառանգությունը, որ ստացել ենք Օրանժ Արմենիա ընկերությունից հիմք են հանդիսացել, որ մեր ընկերությունը համարվի միջազգային չափանիշներին համապատասխանող լավագույն ընկերություն», - նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Նշենք, որ Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: «Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 1200-ից ավելի աշխատակից: 2015 թվականին Ucom-ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության բաժնետոմսերի 100% փաթեթը, իսկ 2016-ի մարտից ձեռնամուխ եղավ բջջային կապի ծառայությունների մատուցմանն իր սեփական ապրանքանիշի ներքո: