Եվրոպական միության պատվիրակությունը՝ Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ:
ՙԸնդգծելով, որ քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է՝ մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին: Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում տեղի ունեցած դեպքերից տուժողներին մաղթում ենք արագ եւ լիարժեք ապաքինում:
Մտահոգությամբ ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման եւ ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները՝
իշխանություններին կոչ ենք անում հարգել համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաև բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների առնչությամբ: Միաժամանակ, ցուցարարներին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում:
Ի գիտություն ընդունելով նաեւ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված հայտարարությունները՝ հորդորում ենք լիարժեք հետաքննություն կատարել ոստիկանների կողմից իրականացված բոլոր իրավախախտումների մասին հաղորդումների առնչությամբ, այդ թվում` նրանց կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի և իրավապաշտպանների եւ բուժօգնության մերժման առնչությամբ՚,- ասված է հայտարարության մեջ:
Ինչպես արդեն հաղորդվել է, անցած գիշեր Խորենացի փողոցում բախումներ են տեղի ՊՊԾ տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբավորմանը սատարող ցուցարարների և ոստիկանների միջև: Ցուցարարներն սկսել են քարեր նետել իրավապահների ուղղությամբ այն բանից հետո, երբ նրանցից պատասխան չեն ստացել ՊՊԾ տարածքում գտնվող զինված խմբավորման անդամներին սնդամթերքի փոխանցմանն առնչվող հարցին: Ցուցարարներին ցրելու նպատակով Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ: