ՀՀԿ խմբակցությունը որոշում է կայացրել օմբուդսմենի պաշտոնում առաջադրել ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը: Նման որոշում կայացվել է խմբակցության՝ այսօր կայացած նիստում:
Ըստ որում, նա համոզմունք է հայտնել, որ օմբուդսմենի պաշտոնում ընտրվելու դեպքում կկարողանա դիմադրել ճնշումներին: ՙՎստահ եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել իմ գործողություններում և կկարողանամ լուծել օմբուդսմենի առջև դրված խնդիրները՚,- նշել է նա: Միաժամանակ Թաթոյանն ավելացրել է, որ մյուս հարցերին կպատասխանի այն բանից հետո, երբ խորհրդարանը հաստատի իրեն այդ պաշտոնում: Նա նշել է, որ 7 տարի աշխատել է ՄԻՊ գրասենյակում և լավ է պատկերացնում իր հետագա գործողությունները մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:
Նշենք, որ նախօրեին ՙԼուսավոր Հայաստան՚ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում հայտարարել է օմբուդսմենի պաշտոնում ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունն առաջադրելու մասին: ՕԵԿ-ը և ՙԺառանգությունըՙ կաջակցեն նրա թեկնածությանը: ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը դեռ չեն կողմնորոշվել, թե ում են առաջադրելու ւև ում օգտին են քվեարկելու: ԲՀԿ-ն օմբուդսմենի պաշտոնում կառաջադրի Մակար Եղիազարյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հունվարի 13-ին: Արդեն երկար ժամանակ Անդրեասյանի և Հանրապետական կուսակցության որոշ շրջանակների միջև բավականին լարված հարաբերություններ են: Պատճառը, ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Անդրեասյանի և ՀՀ նախագահի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի միջև կոնֆլիկտն է: Անդրեասյանն օմբուդսմենի պաշտոնում ընտրվել էր 2011 թ. մարտին՝ 6 տարի ժամկետով: