Այսօր` ժամը 12:00 -ի սահմաններում, հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ՙՄիջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերհասկում են մարտական իրավիճակը՚,- գրել է նա:
Նշենք, որ վերջին 20 օրում Ադրբեջանը բազմիցս դիվերսիոն փորձեր է կատարել, ինչի հետևանքով տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր: Ցավոք, կորուստներ ունի նաև հայկական կողմը: Տարեսկզբից շփման գծում և սահմանին հակառակորդի գնդակից 10 հայ զինծառայող է մահացել: