Վրաստանի պաշտպանության նախարար, արևմտամետ Իրակլի
Ալասանիայի և նրա շրջապատի պաշտոնանկություններն ամենևին չեն վկայում Վրաստանի
իշխանական վերնախավում ռուսամետ տրամադրությունների աճի մասին: ԱրմԻնֆո-ի հետ
առցանց հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Վրաստանի սոցիալ-դեմոկրատական
կուսակցության առաջնորդներից մեկը` քաղաքագետ Բեկա Նացվլիշվիլին:
«Ես չեմ կարող ասել, թե Վրաստանի կառավարող
շրջանակներում կան ռուսամետ ուժեր, ուստի նախարարների փոխարինումը ոչ մի կերպ
չի առնչվում երկրի զարգացման ռազմավարական
գծի փոփոխմանը: Հնարավոր է` արժե խոսել միայն մարտավարական քայլերի տարբերության
մասին, որոնց հավատարիմ են քաղաքական գործիչները», - ընդգծել է նա:
Նրա գնահատմամբ, ինչպես հասարակության շրջանում, այնպես
էլ Վարստանի քաղաքական շրջանակներում
հաստատուն փոխհամաձայնություն կա երկրի զարգացման վեկտորի հարցում:
Այդ լույսի ներքո Նացվլիշվիլին հիշեցրել է Ռուսաստանի
նկատմամբ նախորդ կառավարության քայլերի մասին, որոնք հանգեցրեցին ռուսական զորքերի
Վրաստան ներխուժման, Աբխազիայի և Սամաչաբլոյի բռնակցման, և, որպելս արդյունք` այն
բանին, որ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն ավելի է բարդացել`
քան մինչ այդ էր:
Վրաստանի ազգային անվտանգությանն սպառնացող վտանգների
թվում քաղաքագետն առանձնացրել է բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, որը վերջին երկու
տարիներին արդեն փոքր-ինչ բարելավվել է առողջապահության և կրթության մատչելիության
շնորհիվ: Նացվլիշվիլին նաև նշել է տարածքային սպառնալիքները, ռուսական գործոնը,
որն ավելի է բարդանում հակամարտության և Արևմուտքի ու Ռուսաստանի միջև
տարաձայնություններով :
Նրա գնահատմամբ, կան նաև կրոնաէթնիկական բնույթի որոշ
սպառնալիքներ, որոնք հիմնված են Վրաստանի հասարակության շրջանում ազգային
փոքրամասնությունների ինտեգրման անբավարար մակարդակի վրա, ինչը ներքին և արտաքին
ուժերի կողմից շահարկումների հնարավորություն է ստեղծում:
Մամուլի
ասուլիսը կազմակերպվել էր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Արդիական
երկխոսություններ հայկական մեդիայի համար» նախագծի շրջանակում: